Արցախի պետական համալսարան

Այսօր` դեկտեմբերի 3-ին, ԱրՊՀ ռեկտորի մոտ հյուրընկալվել է ՀՀ Արթիկ քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորությամբ:

Այցի ընթացքում փոխքաղաքապետ Բորիս Ավագյանն իր անձնական միջոցներից 120 միավոր գիրք է նվիրել ԱրՊՀ գրադարանին: Գրքերը ռուսերեն լեզվով արտասահմանյան դասական գրականության հատորներ են, որոնք կհամալրեն ԱրՊՀ գրադարանի գեղարվեստական գրականության բաժինը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նրանց` այցի և նվիրատվության համար` նշելով, որ պատերազմից հետո առաջին հաճելի հանդիպումն է կայանում բուհում` խորհրդանշական նվիրատվությամբ:

«Մեր օրերում գիրքը շարունակում է մնալ գիտելիք ստանալու հիմնական միջոց: Խորհրդանշական է նաև գիրք նվիրելը: ԱրՊՀ-ի համար սպասված նվեր էր այսպիսի արժեքավոր գրքեր ստանալը, մանավանդ` ռուսերեն լեզվով գրականություն, որովհետև բուհում ունենք «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունը բակալավրիատում և մագիստրատուրայում»,-ասել է ռեկտոր Ա. Սարգսյանը` նաև անդրադառնալով ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև Արցախում ռուսաց լեզվի կարևորությանն ու դարակազմիկ նշանակությանը:

Նվիրատու Բորիս Ավագյանն իր հերթին կարևորել է գրքի և ռուսերենի նշանակությունը երիտասարդ սերնդի կրթության հարցում` նշելով, որ այս դժվարին օրերին հատկապես պետք է ողջ ներուժը կենտրոնացնել երիտասարդ սերնդի համար լիարժեք կրթություն ապահովելու ուղղությամբ:

«Այս կրթօջախը, որ այս օրերին շարունակում է աշխատել, խորհրդանշում է  այն, որ մեր ազգը գնալու է առաջ, պայքարելու ենք, և այս օրերի դժվարությունները կարողանալու ենք հաղթահարել»,-նշել է Բորիս Ավագյանը` ընդգծելով ռուսերենի, ռուս գրականության և պատմության իմացության անհրաժեշտությունը` որպես հայ ժողովրդի բարեկամ երկրի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացություն:

Հյուրերը նաև շրջայց են կատարել համալսարանում, այցելել ԱրՊՀ գրադարան, ծանոթացել գրքային ֆոնդին: