Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը:

Գիտխորհրդի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ պատերազմի պատճառով ԱրՊՀ զոհված ուսանողների և դասախոսների:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ուսումնական գործընթացի ընթացքին, որի մասին տեղեկատվություն է ներկայացրել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը:

Ըստ պրոռեկտորի տեղեկատվության` ուսումնական գործընթացը, որը ավանդական եղանակով մեկնարկել էր դեկտեմբերի 1-ից, ընթանում է ըստ դասացուցակների և միայն ավանդական եղանակով: Արցախ վերադարձող և դասերին մասնակցող ուսանողների թիվը օրեցօր աճում է:

Գիտխորհուրդը քննարկել և որոշում է կայացրել  մագիստրատուրայի առաջին կիսամյակի մնացած պարապմունքները կազմակերպել` ավանդականին համակցելով նաև հեռավար եղանակը:

Օրակարգի հաջորդ հարցով գիտխորհուրդը քննարկել և հաստատել է ԱրՊՀ ՊՈԱԿ բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման համակարգի) 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը լիազոր մարմին ներկայացնելու մասին հարցը:

2020-2021 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցում փոփոխություն կատարելու մասին հարցը գիտխորհրդին է ներկայացրել  պրոռեկտոր Գ. Սահակյանը:

Ըստ հաստատված ուսումնական գործունեության նոր օրացույցի` 2020-2021 ուսումնական տարվա բակալավրիատի առկա համակարգի և մագիստրատուրայի ուսումնառությունը կտևի մինչև հունվարի 8-ը, կուրսային աշխատանքների և ստուգումների հանձնումը` հունվարի 11-15-ը, առաջին լուծարքը` հունվարի 18-29-ը, ձմեռային արձակուրդը` հունվարի 30-ից փետրվարի 7-ը, երկրորդ լուծարքը`փետրվարի        15-26-ը:

Հեռակա ուսուցման համակարգի դասերը կմեկնարկեն հունվարի 11-ից:

2020-2021 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցը ամբողջությամբ` այստեղ:

Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է նաև հարգելի պատճառով պարապմունքներին չմասնակցած ուսանողների ստուգումները կազմակերպելու մասին հարցը:

Հարգելի են համարվում ընտանիքում հարազատի կորուստ ունեցող, պատերազմի հետևանքով տեղահանված և այլ հիմնավորված պատճառներով ուսանողների բացակայությունները:

ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը վստահեցրել է, որ հարգելի պատճառով պարապմունքներին չմասնակցած ուսանողները չեն տուժելու:

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը, անդրադառնալով առկա խնդիրներին` նշել է, որ պատերազմին մասնակցած ուսանողների և նաև պատերազմին մասնակից անձանց զավակների ուսման վարձավճարները փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը, իսկ հայրենազուրկ ուսանողների վարձավճարը կփոխհատուցի «ՇԵՆ» կազմակերպությունը:

Այլ հարցերում գիտխորհուրդը քվեարկել և հաստատել է Տիգրան Հակոբյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ԲՈԿ-ի վավերացմանն ներկայացնելու մասին հարցը: