Հունվարի 7-ին Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել ˝Action for Peace˝ հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, հայ-հունական ծագում ունեցող լուսանկարիչ, հնագետ, դոկտոր Մարինա Մխիթարյան-Լազարիդուն: Մ. Մխիթարյան-Լազարիդուն Արցախում արդեն երկրորդ անգամ է: Առաջին այցը 2020 թ. սեպտեմբերին էր` նախքան պատերազմը` «Արցախի կանայք. պատերազմ, ինքնություն և խաղաղություն» վավերագրական լուսանկարչական պրոյեկտի համար նյութեր հավաքելու նպատակով, և որպես առաքելություն` մայր բուհի ուսանողությանն էր ներկայացրել իր հեղինակած «Խաղաղության հրեշտակը» խորագրով դասախոսություն-պրեզենտացիան:
Այս անգամ ևս դասախոսության թեման առնչվում էր իր նախագծին` «Գործողություն հանուն խաղաղության», որի ընթացքում բանախոսը ուսանողներին է ներկայացրել իր լուսանկարչական գործերից, որոնք պատմում էին հայի պատմական ճակատագրի, հայկական մշակույթի, և առհասարակ Արցախի մասին: Բանախոսը, ով արդեն հասցրել է տարբեր երկրներում հանդես գալ լուսանկարչական ցուցահանդեսներով, աշխարհի հետ խոսում է արվեստի լեզվով` մասնավորապես լուսանկարչությամբ, որով փորձում է իր նպաստն ունենալ հանուն աշխարհի խաղաղության, ինչպես նաև արդարության բարձրաձայնման:
«Հին հունարենով շատ լավ բառ կա` «նոստոս», որը նշանակում է վերադարձ տուն: Այս անգամ ես եկա իմ ծրագրի երկրորդ մասով` նոստոս հետպատերազմական վիճակ»,-ասում է Մ. Մխիթարյան-Լազարիդուն` նշելով, որ Արցախ վերադառնալն իր համար նման է հարազատ տուն վերադառնալուն, քանի որ, նրա խոսքով, չգալ չէր կարող պարզապես:
«Հույսը, հավատը, սերը շատ կարևոր են, բայց ամենակարևորը սերն է: Աստված սեր է: Եվ ամեն լավ գործ սիրուց է ծնվում: Արցախի հանդեպ ունեցած իմ սերն է թելադրում իմ բոլոր գործողությունները: Ես եկա Արցախ այդ սիրո թելադրանքով և արցախցիների ոգու հզորությունից գոտեպնդված` գնալու եմ Արցախից»,-ասել է Մարինա Մխիթարյան-Լազարիդուն` հավելելով, որ յուրաքանչյուր անգամ Արցախ այցելելիս անպայման այցելում է Արցախի պետական համալսարան, քանի որ, նրա խոսքով, արցախցու ոգու հզորությունը, արտաքուստ նուրբ ու փխրուն, բայց ներքուստ` հզոր հույսի ու հավատի ուժը ամենաշատը նա տեսնում է Արցախի երիտասարդության աչքերում, որին նա հանդիպում է ամեն անգամ մայր բուհի ուսանողների հետ շփվելիս: