Ուսանողների միջազգային տոն օրվան ընդառաջ

31.10

2012

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր, իսկ դրանից տարիներ առաջ՝ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը, սակայն խաղաղ ցույցը ցրել են զավթիչները: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվել է բողոքի ակցիայի: Նույն թվականի նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատել են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվել և Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար են ուղարկվել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել և վերաբացվել են միայն պատերազմի ավարտից հետո:

Տարբեր երկրներում արդեն ձեւավորվել են տոնը նշելու ավանդույթներ: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուսանողներն այդ օրը ձգտում են զվարճանալ հնարավորինս թանկ ակումբներում և վայելել ամենաթանկ խմիչքներն ու ուտեստները: Դանիայի գիմնազիայի շրջանավարտներն ունեն հետաքրքիր մի ավանդույթ. նրանք ամբողջ գիշեր բեռնատար հիշեցնող մեքենաներով շրջում են քաղաքի փողոցներով, կիթառ են նվագում ու երգում և պարտադիր գարեջուր խմում:

Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։ Առանց ուսանողների մասնակցության, առանց նրանց ուժի ու եռանդի անհնար կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների: Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը:

Սիրելի ուսանողներ, շնորհավորում ենք  բոլորիս ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում անկոտրում կամք, ուժ, եռանդ ու լավատեսություն, որ ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու երջանկության բերկրանքը, հետևեք կյանքի ճշմարիտ արժեքներին, գտնեք կյանքի ճշմարիտ ուղին։ Մենք ենք, որ միասին ձևավորում ենք մի երիտասարդություն, ովքեր կերտում են ազգի ապագան: Մեր` կատարյալ կերպով երջանկության հասնելու ծրագիրը հայտնաբերելու համար այն փնտրենք ուսանողական կյանքում և երբեք չվախենանք ուսանողին բնորոշ եռանդից, հետաքրքրությունից, զգացականությունից ու անփորձությունից…

Կարողանանք մեր ուսանողական տարիներից թողնել հարուստ հուշեր, կարողանանք լիարժեք ուրախությամբ անցկացնել մեզ տրվող ամեն մի օրը։ Ուսանողական տարիները էլ չեն կրկնվելու ոչ մեկիս կյանքում, կանցնեն, կգնան ու միայն հուշեր կմնան։ Ինչքան կարող ենք վայելենք այն:

ԱրՊՀ ուսանողական վարչությունը պլանավորում է նոյեմբերի 17-ին ուսանողի միջազգային տոն օրը նշել առանձին շուքով, որի համար ակնկալում է համալսարանի բոլոր ուսանողների ակտիվ մասնակցությունը: Անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողները կարող են դիմել իրենց ֆակուլտետների ուսանողական խորհուրդներին կամ համալսարանի ուսանողական վարչությանը: