Արցախի պետական համալսարան

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ պահից ԱրՊՀ տղա ուսանողները, կիսատ թողնելով բոլոր պարապմունքները, շտապեցին առաջնագիծ` իրենց նպաստը բերելու հայրենիքի պաշտպանությանը: Այդ առաջիններից մեկը «Լրագրություն» 4-րդ կուրսի ուսանող Հայկ Ավանեսյանն է, ում հետ պատերազմական օրերի, զգացողությունների մասին զրուցել է Մանե Գաբրիելյանը:

-Հայկ, ե՞րբ  իմացար, որ  պատերազմ  է  սկսվել  Արցախում, ո՞րն էր  քո  առաջին  քայլը:

-Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, պատերազմը սկսելուն պես շտապեցի մորս և փոքր եղբորս նկուղ իջեցնել։ Այնուհետև շտապեցի Ստեփանակերտի զինկոմիսարիատ, այնտեղից ինձ ուղարկեցին պալիտ…Մանե պալիտին անունը մոռացալմ, ժպտում է (պալիտ-Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենք )։ Ժամը 10-ին մենք շարժվեցինք դեպի Եղնիկների զորամաս։

-Պատերազմի ընթացքում ամենաշատը ո՞ւմ և ինչի՞ մասին էիր մատծում:

-Պատերազմի ընթացքում ամենաշատը մտածում էի իմ հարազատների մասին։ Քանի որ կապի խնդիր կար, և երկար ժամանակ չէի կարողանում կապվել հարազատներիս հետ, անընդհատ մտածում էի, թե  այդ պահին ինչ  է կատարվում Ստեփանակերտում, ինչպես է հարազատներիս վիճակը։ Քանի որ հայրս նույնպես պատերազմի առաջին իսկ օրը մեկնել էր առաջնագիծ, անընդհատ փորձում էի ինչ-որ կերպ տեղեկություն իմանալ  նրա  մասին, բայց ոչ մի կերպ  չէր ստացվում։ Մտածում էի կատարվածի հետևանքների մասին,թե ինչպես պետք է լինի ապագայում։ Առաջին իսկ օրվանից պարզ էր, որ այս պատերազմը տարբերվում է ապրիլյանից իր մասշտաբներով, և օրեցոր տեսնելով մեր տարածքային և մարդկային կորուստները` հարց էր առաջանում՝ սրա վերջը ո՞նց պետք է լինի։ 

-Ի ՞նչ զգացողություններ ես ունեցել նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման լուրը լսելու պահին. կարողանու՞մ ես համակերպվել այդ ամենի հետ:

-Լուրը լսելով` չեմ կարողանում բնութագրել, թե ինչ զգացողություն էր մոտս, որովհետև մի կողմից աննկարագրելի դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ հանձնում ենք այն տարածքները, որոնք միշտ եղել են հայկական, որի վրա հայ զինվորի արյունն է թափված, իսկ մյուս կողմից տեսնելով, թե ինչպես էր իրավիճակը օրեցօր բարդանում և գնալով ինչքան էր զոհերի թիվը շատանում, ցանկանում էի, որ օր առաջ պատերազմը ավարտվի, բայց առանց հայկական հողերը հանձնելու։

-Ի ՞նչ դրական հիշողություններ ես քեզ հետ բերել  սահմանից:

-Դրական հիշողություններ պատերազմից չունեմ։ Դրական կարող եմ համարել միայն նոր ընկերներ ձեռք բերելը։

-Ի վերջո, պատերազմը ի ՞նչ փոխեց քո կյանքում և ի ՞նչ սովորեցրեց քեզ:

-Պատերազմը սովորեցրեց  էլ  ավելի գնահատել  այն, ինչ ունեմ։ Փոխեց ապագայի հանդեպ ունեցած պլաններս, փոխեց տրամադրությունս։

-Մաղթում ենք քեզ և բոլորիս հաջողություններ:

Հարցազրույցը` Մանե Գաբրիելյանի, լրագրություն 4-րդ կուրս