Արցախի պետական համալսարան

Պատերազմում բոլորս ենք մեռնում, այն ո՞վ է ասել, թե այսքան կամ այնքան մարդ մահացավ: Պատերազմում մենք բոլորս ենք մեռնում. մայրը մեռնում է ինչ-որ ժամանակ, երբ լսում է, որ որդին է մահացել, քույրը մեռնում է, երբ լսում է, որ հայրը վիրավոր է, հաշմանդամ տղան մեռնում է, երբ իրեն  առանց ոտքերի է տեսնում, կինը մահանում է, երբ լսում է, որ ամուսինը գերի է ընկել, տատիկը տեսնում է իր առյուծ որդու դիակը. և ի՞նչ է դա, եթե ոչ մեռնել։

Պատերազմում բոլորս ենք մեռնում, ուղղակի նրանք են, որ չեն վերադառնում, նրանք են, որ չեն երևում, նրանց նկարների դիմաց է, որ մոմ ու ծաղիկներ կան, իսկ մենք, մենք մի կերպ խելքի ենք գալիս, վերածնվում Աստծո հույսով ու հավատով  սկսում նորից քայլել սովորել։ Պատերազմում մենք բոլորս էլ մի պահ մահ ենք ապրում ու այն, որ այսօր ծաղիկ ենք խոնարհում մեր բոլորիս մահերի հիշողությունն է, մենք նրանց անավարտ գործերի շարունակությունն ենք, նրանք զոհվել են և ամեն լավ գործ, որ պետք է անեին, թողել են մեզ։ Մենք բոլորս պիտի ավելի շատ սիրենք միմյանց նրանց փոխարեն, ժպտանք ու սովորենք նրանց փոխարեն, ջանանք և կառուցենք նրանց փոխարեն և, ինչն ամենակարևորն է, հավատանք ու ապրենք Նրանց փոխարեն։ Սա է հայրենասիրությունը, եկեք ժպտանք ու կառուցենք մեր հայրենիքը, ոչ թե երեսպաշտությամբ զինվորի կենաց խմենք, հետո հարբած հայհոյենք իրար, այլ աղոթենք ու օգնենք միմյանց։

Նրանք իրենց բացակայությամբ ավելի շատ բան սովորեցրին, քան ոմանք իրենց ներկայությամբ։ Թող նրանց օրինակը մեզ դաս լինի ոչ թե մարդ սպանելու, այլ մարդ ապրեցնելու համար։ Ցեղասպան պատերազմում մենք բոլորս, ովքեր ապրում և  գործում ենք մեր այս մի թիզ հայրենիքում, փրկվել ենք հրաշքով, թե՛ սովորական քաղաքացի, թե՛ զինվորական. մեծ է Աստծո ողորմությունը և մենք ճանապարհ ունենք անցնելու, ապրել է պետք։

Եթե խնայողությամբ ցանես, խնայողությամբ էլ կհնձես:

Հայրենիքին մեծ-մեծ գովասանքներ պետք չեն, հայրենիքին գործեր են պետք, հստակ քայլեր, որոնք տանում են դեպի զարգացում։

Մարիամ Ասրյան, աշխարհագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի