ՈՒսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանի շնորհավորական ուղերձը

12.11

2012

Սիրելի ուսանողներ,
ամեն տարի նոյեմբերի 17-ը աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես Ուսանողների միջազգային օր:

Ուսանողների միջազգային օրվա ընդունումը և հռչակումն ունիիր նախապատմությունը: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում այդ երկրի ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշենիրենց պետության կազմավորման 21-րդ տարեդարձը: Սակայն ուսանողների խաղաղ ցույցըցրվել է գերմանական զավթիչների կողմից: Պատճառն այն էր, որ նացիստները զգուշանում էին, թե ցուցարարների կողմից կարող են առաջ քաշվել հակաֆաշիստական, հակագերմանական, ազատագրական բնույթի լոզունգներ: Հիտլերի ցուցումով գերմանական նացիստները խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրեցին և այդ ընդհարման ժամանակ գնդակահարեցին համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալին (Jan Opletal): Նման վերաբերմունքը դժգոհության լայն ալիք բարձրացրեց ուսանողների շրջանում և գնդակահարված երիտասարդի հուղարկավորությունը ինքնաբերաբար վերածվեց համընդհանուր բողոքի ակցիայի: Նացիստները երիտասարդ ցուցարարների նկատմամբ կրկինուժ գործադրեցին և ձերբակալեցին տասնյակ ուսանողների` նրանց նետելով համակենտրոնացման ճամբարները: Ուսանողների պայքարը չէր դադարում, ուստի նույն թվականի նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան, իրենց համար անցանկալի հետագա զարգացումները կանխելու նպատակով, գեստապոյականներն ու էսէսականները շրջապատեցին ուսանողական հանրակացարանները և բռնության ու ծեծի են ենթարկեցին ուսանողներին,իսկ շուրջ 1200 ակտիվ ուսանողներ ձերբակալվեցին և ուղարկվեցին համակենտրոնացման ճամբար:

Պատերազմի ավարտից հետո, 1945թ. նոյեմբերի սկզբին, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցավ ֆաշիզմի դեմ պայքարող երիտասարդների միջազգային համաժողով, որի ժամանակ հարց բարձրացվեց ստեղծել միջազգային երիտասարդական կազմակերպություն: 1946թ. դեկտեմբեր ամսում Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում հրավիրված Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նեյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր:
Ուսանողների միջազգային օրը աշխարհի գրեթե բոլոր երկրներում դարձել է երիտասարդության ամենասիրելի և տարածված տոներից մեկը: Այն մեր երկրումնույնպես ամենակարևոր տոներից է յուրաքանչյուր ուսանողի համար, քանի որ արցախահայությունը, այդ թվում Արցախի երիտասարդությունը, մոտ 25 տարի առաջ նույնպեսիր բողոքի ձայնը բարձրացրեց Ադրբեջանի վարած զավթողական և հայահալած  քաղաքականության դեմ, իսկ 1988թ. փետրվարի 13-ին Արցախի պետական համալսարանի(այն ժամանակ` մանկավարժական ինստիտուտի) ուսանողներն ու դասախոսներն առաջին անգամ Ստեփանակերտում բողոքի ցույց կազմակերպեցին, որը հետագայում դարձավ համաժողովրդական ազատագրական պայքարի Արցախյան փուլի մեկնակետը:
Արցախի պետական համալսարանի ղեկավարությունն իր, համալսարանի բոլոր դասախոսների և ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում է համալսարանի և մեր երկրի բոլոր ուսանողներին` միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում հաջողություններ ուսման մեջ, անձնական կյանքում և քաղաքացիական գործունեության բնագավառում:
ԱրՊՀ ղեկավարությունը, ուսանողական վարչության հետ համատեղ, պլանավորում է այսօր` նոյեմբերի 16-ին, ուսանողների միջազգային օրը դարձնել տոն, նշել այն առանձին շուքով, որի համար ակնկալում է համալսարանի բոլոր ուսանողների ակտիվ մասնակցությունը:
Անցկացվելիք միջոցառումների գրաֆիկին տեղեկանալու, ինչպես նաև մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր ուսանողները կարող են դիմել իրենց ֆակուլտետների դեկաններին, ուսանողական խորհուրդներին կամ համալսարանի ուսանողական վարչությանը:

Հարգանքներով` 

ԱրՊՀ   ռեկտոր`  Ս.ԴԱԴԱՅԱՆ                 
16.11.2012թ