Արցախի պետական համալսարան

Փետրվարի 8-ից մարտի 6-ը ԱրՊՀ  ավարտական խմբերի ուսանողներն անցնում են ամփոփիչ գնահատող ակտիվ փորձուսուցում:

Մանկավարժական ուղղվածության մասնագիտությամբ սովորող ուսանողների փորձուսուցումն անց է կացվում Ստեփանակերտի համար 1, 2, 7, 8, 9,10,11 դպրոցներում:

Փետրվարի 19-ին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանը, ֆակուլտետների դեկաններ շրջայց են կատարել դպրոցներում` ծանոթանալու փորձուսուցման ընթացքին և վեր հանելու առկա խնդիրները:

 Անուշ Հայրապետյանի խոսքով` փորձուսուցումն անցնում է բնականոն հունով, բոլոր ուսանողները հիմնականում ներգրավված են, սակայն, իրավիճակի հետ կապված, այս տարի փոքր-ինչ տարբերվում է նախորդից այն առումով, որ  որոշ ուսանողների հնարավորություն են ընձեռել  փորձուսուցումն անցնել իրենց բնակության վայրերի դպրոցներում:

«Հարցումներ ենք իրականացրել ուսանողների և ուսուցիչների շրջանում, երկուստեք գոհունակություն են հայտնել փորձուսուցման ընթացքից և արդյունավետությունից` նշելով, որ ուսանողները հաջողությամբ կարողանում են իրենց ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառել»,-նշել է Ա. Հայրապետյանը:

Այս օրերին փորձուսուցում են անցնում նաև «Իրավագիտություն», «Թարգմանչական գործ», «Լրագրություն» և մանկավարժական ուղղվածության մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսերի ուսանողները: