Արցախի պետական համալսարան

Փետրվարի 22-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտական սեմինար` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան:

«Այբուբենը պոեզիայում» խորագրով գիտական սեմինարը վարում էր գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր, բանաստեղծ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը:

Բանախոս Ս. Խանյանն անդրադարձել է պոեզիայում հայոց այբուբենի գեղարվեստական դրսևորումներին ու խորհրդին` շեշտադրելով հատկապես այբուբենի ծայրակապ-ակրոստիքոսի դրսևորումները հայ պոեզիայում` սկսած Դավթակ Քերթողից մինչև Պարույր Սևակ և մեր օրերի ստեղծագործողներ, ինչպես նաև Արցախի գրողներից Գուրգեն Գաբրիելյան և այլք:

Խոսելով գիտական սեմինարի նպատակի մասին` Ս. Խանյանը կարևորել է մայրենի լեզվի դերը` որպես ազգի գոյության և  ինքնության պահպանման երաշխիք` ուսանողներին կոչ անելով Խաչատուր Աբովյանի`  մայրենի լեզուն ամուր պահելու ցայսօր էլ արդիական պատգամը:

Գիտական սեմինարի ընթացքում մայրենի լեզվի մասին իրենց խոհերն են կիսել և ասմունքներով հանդես եկել նաև ուսանողները:

Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին` կարևորելով Մայրենի լեզվի միջազգային օրն ու օրվա խորհրդին գիտական սեմինարի ձևաչափով անդրադառնալը:

«Արարչագործ մեր այբուբենը հուշում է, որ արարիչ Աստվածը Քրիստոսն է: Պաշտենք մեր այբուբենը և այն հավատքը, որը մեր արյան երթին է ձուլված»,-ընդգծել է Ն. Դավթյանը: