Արցախի պետական համալսարան

Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր: ԱրՊՀ- ում օրը նշանավորվեց միջոցառմամբ, որը նախաձեռնել էր բանասիրական ֆակուլտետի ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով տոնի առթիվ` ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանը կարևորել է օրվա խորհուրդը:

«Այսօր   մայրենին  այն  միակ  հզոր  ուժն  է, որն  ապահովում է  մեր  աշխարհասփյուռ  հայության միասնությունը, հանուն  որի  մենք  դարեր  շարունակ   քայլել  ենք  դեպի  ապագա: Մենք  մեր ողջ  գիտակցական  կյանքի  ընթացքում պիտի  պայքարենք  մեր  լեզվի  պահպանման  և  անաղարտության  համար»,-նշել է նա:

Միջոցառման ընթացքում ուսանողները մայրենի լեզվին ձոնված բանաստեղծություններ են ասմունքել՝ ելույթներում կարևորելով մայրենի լեզվի դերը  ազգապահպանման  գործում:

«Լեզուն  մեր  ազգի  օրհասական  հենարանն ու  գոյության  առհավատչյան  է: Լեզուն  է  գլխավոր  երակը, որն իր  հզորությամբ  անհաղթելի   է ժամանակի  և  վերջինիս  ծնած պարգևի  դեմ», - ասել է  ուսանողուհի  Տաթևիկ  Ղահրամանյանը:

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» և «Լավագույն ասմունքող» մրցույթը: «Լավագույն ասմունքող» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Լինա  Միրզոյանը, 2-րդը` Անուշ  Պետրոսյանը, 3-րդը` Անահիտ  Հովհաննիսյանը:

«Լավագույն ստեղծագործող» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել Տաթևիկ  Ղահրամանյանը, 2-րդը`Ասպրամ  Ավանեսյանը:

Մրցույթներում հաղթողները ամբիոնի կողմից պարգևատրվել են պատվոգրերով: