Արցախի պետական համալսարան

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» անվանակարգով շարադրությունների մրցույթ: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Հայոց լեզու և գրականություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Ղահրամանյանի աշխատանքը:

Հավերժությամբ բյուրեղացած լեռներս ձայնիդ ամբարված արձագանքներն են հնչեցնում եկեղեցու անդուլ ղողանջող զանգերի պես։ Մատուռն առանց զանգի մատուռ չէ։ Հնչյուններդ ցնցում են լեռները, փարվում ժայռեղեն դեմքին և օծում նրանց հայկականությամբ։

-Ա՜յբ-բե՜ն-գի՜մ,-հնչում է ձայնդ դարերից եկած օրհներգի պես։ Արթմնության շնչով երգեր ես հյուսում՝ երկնքից փրկություն աղերսող։ Դու երգից աղոթք ես դառնում, աղոթքից՝ երգ...

Ամեն սերնդի հետ մի նոր աղյուս ես ագուցում հիմնաքարիդ։ Պատերդ օրեցօր հղկվում են, որ հանկարծ ժամանակի ուժը ճաքեր չթողնի նրանց վրա, մռայլ քամիներից չմերկանաս, օտար պատերի չսեղմվես՝ սերտաճելով նրանց։ Չէ՞ որ դու անառիկ ամրոց ես։

Իմ արիակա՜ն լեզու, ծննդյանս օրվանից, երբ աչքերս իրենց բաժին լույսով աշխարհը տեսան, դու սրտիս լույսը դարձար՝ աշխարհը ճանաչելու։ Դեռ իմ օրոցքում մորս փաղաքուշ շշունջները քեզ ձուլեցին հոգուս, սրտիս շեփորը դարձրին՝ հայրենիքիս ի սրտե երգեր ձոնելու համար։ Օտար լեզուները ժանգոտ շեփորների պես խուլ են, համրացնում են սիրտս։ Դու ես օրորոցային կարոտս, մանկական հեքիաթներիս շունչը, իմ ամենօրյա աղոթք-մրմունջն առ Աստված։

Հայ շինականն ամեն անգամ իր բահը հողին խրելիս քեզնով է օրհնել հայրենիքը, խոսել հարազատ հողի հետ։ Հունձի ժամանակ արդար քրտինքը սրբելիս քո հնչյուններով հառաչել է հայ մարդը, օրհնել բերքը հյութեղեն քո բառերով։ Իրենց առաջին սիրո խոսքերը տղաները քո բառերով են հյուսել աղբյուրից սափորներով ջուր լցնող երկարածամ աղջիկների համար։ Շառաչուն աղբյուրի ջուրը հնչյուններովդ քրքջում է՝ ամեն անգամ ամբարելով սիրո քաղցրիկ խոսքերը։ Դու հողի ու հունձքի, կարոտի ու սիրո լեզու ես։

Չնշմարվող օտար հորիզոններից քաղցր հնչյուններդ ձգվում են դեպի հայրենիք՝ անհայրենիք մնացած թշվառ սրտերից։ Տառերդ եռում են հայ պանդուխտի շուրթերին, օտար ափերում ունկերը լարած ականջալուր են ձայնիդ, որ աշխարհր ամենահեռու կետերում գոնե մեկ անգամ լսեն ձայնդ։ Կոմիտասի երգերը լսելիս ձայնդ ծարավից այրվող հոգու պես հայերեն կանչում է հայրենիք։ Կոմիտասի երգերում քո ջինջ աղերսներն են...

Ավա՜ղ, դու նաև կռունկի կանչ ես՝ օրեցօր ստվարացող երամի կարոտաբաղձ ելևէջ, լալահառաչ հրաժեշտ։

Դու մարմին ես առնում միայն հայրենիքում, քեզնով են քարերս խոսում, ծանծաղ գետերն աղմկում։ Նվաղ սրտի արնաքամ վերքերը քեզնից ագահորեն վերցված փշուրներով են ամոքվում։ Օտար լեզուներով ինչպե՞ս սփոփվել, ինչպե՞ս լացել հայերեն։

Ավա՜ղ, որդուն պատերազմ ուղարկող մոր արցունքախառն հեկեկանք ես, կռվի դաշտում վիրավոր եղբորը սիրտ տվող ուժ, անմահացող զինվորի վերջին մրմունջ...

Դու ազգի երկունքն ես, և քո մահն ազգի վախճանն է։ Ուրիշ ո՞ր լեզվով են մեր պատմությունն ավանդելու, օտար լեզվո՞վ են նոր էջեր գրվելու։ Դու միաբանության գլխավոր երակն ես, որ անվերջ սնուցում է ազգիս սիրտը, բաբախեցնում, անվե՜րջ բաբախեցնում։

Ապրի՜ր, լեզուս, որ ազգիս սիրտը ժամանակի արհեստական բարքերով չփոխեն։ Ապրի՜ր, որ ապրենք հայերե՜ն...

Տաթևիկ Ղահրամանյան