Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, բանաստեղծ  Սոկրատ Խանյանի «Կրակ չէ` ինչ է» գիրքը «Պոեզիա»  անվանակարգում արժանացել է ՀՀ գրողների միության  «Հրանտ և Մանուշակ  Սիմոնյաններ» մրցանակաբաշխության մրցանակի:

«Կրակ չէ` ինչ է» գրքում, որը Ս. Խանյանի թվով 21-րդ քնարերգական ժողովածուն է, տեղ են գտել վերջին տարիներին գրած անտիպ բանաստեղծությունները: Հավատարիմ իր ստեղծագործական նախասիրություններին` հեղինակը պատկերում է 21-րդ դարի հայ մարդու հարուստ ներաշխարհը` կյանքի բազմաշերտ երանգներով: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները արտացոլում են հեղինակի խոհերի գեղարվեստական ծիրը, որտեղ իրենց առանցքային տեղն ունեն Արցախը, սերը հայրենիքի, բնության, մարդու հանդեպ,  հայրենիքի համար մարտնչող զինվորը, արարող ու միշտ պայքարող հայի ոգին:

 «Կրակ չէ` ինչ է» գրքի մասին արդեն իրենց խոսքն են ասել գրականագետները: Ուշագրավ է Պետրոս Դեմիրճյանի «Նորերը թող գան ու մրցեն ինձ հետ…» վերտառությամբ հոդվածը` տպագրված ՀՀ Գրողների  միության պաշտոնաթերթ «Գրական թերթ»-ում:

Խոսելով գրքի խորագրի մասին` Պ. Դեմիրճյանը նշում է.«Պատահական չէ, որ «Կրակ չէ` ինչ է» ժողովածուի համար հեղինակն ընդհանուր խորագիր է ընտրել համանուն շարքի վերնագիրը: Քանզի հավատացած է, որ արմատների, ժողովրդի դարավոր իմաստնության բովում թրծված ազգային ավանդույթների, Հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար պայքարի նպատակը, ի վերջո, մարդու անհատական աշխարհի թանկ ու նվիրական զգացմունքների լիարժեք դրսևորումն է, մեծ սիրո հոգեկան ըմբոշխնումը, որի առջև անզոր են տարիները»:

Ս. Խանյանի գիրքը բացվում է իր էությունը բնութագրող հարցազրույցով, որտեղ հեղինակը, խոսելով բանաստեղծելու արվեստի մասին, նշում է.

«Բանաստեղծություն գրելը աստվածային իմ շնորհն է, իմ արյան կանչը, իմ էությունը: Կյանքն ընկալում եմ բանաստեղծորեն. եթե չգրեմ, շնչահեղձ կլինեմ, որովհետև.

Առանց երգի ի՞նչ առավոտ,//Եվ ի՞նչ կարոտ առանց երգի…»:

Կարևորելով մրցանակի նշանակությունը` Ս. Խանյանն ընդգծում է հանգամանք, ըստ որի` Արցախում, Սփյուռքում և ՀՀ-ում ստեղծվող գրականությունը գտնվում է մեկ ընդհանուր գրական դաշտում և մրցանակաբաշխությանը ըդգրկելը նաև Արցախում ապրող և ստեղծագործող գրողին դրա փաստարկներից մեկն է:

Հեղինակը մեզ հետ զրույցում կարևորեց նաև գրականության մեծ բարեկամ, ամերիկահայ գրական բարերար Հրանտ Սիմոնյանի գործունեությունը Սփյուռքում հայապահպանության և հայկական արժեքների պահպանման գործում ունեցած ավանդի դիտանկյունից:

Արցախի պետական համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմը շնորհավորում են Ս. Խանյանին` մրցանակի արժանանալու կապակցությամբ` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: