Արցախի պետական համալսարան

Մարտի  19-ին   Արցախի  պետական   համալսարանում  կայացել  է  գիտխորհրդի  նիստ, որի  ընթացքում քննարկվել  և հաստատվել են  ուսումնական  գործընթացին, կառավարմանը  վերաբերող  մի  շարք  հարցեր  ու կարգեր:

 Նախքան  գիտխորհրդի  օրակարգային  հարցերին   անցնելը՝  ռեկտոր  Ա. Սարգսյանը  համալսարանի  պրոֆեսորադասախոսական  կազմի  և  ուսանողության  անունից   շնորհավորել  է  պ.գ.թ., դոցենտ   Վարդգես  Սաֆարյանին   70-ամյակի   առթիվ՝  շնորհելով  նրան  ԱրՊՀ  50–ամյակին  նվիրված  հուշամեդալ  և  արժանացնելով  դրամական  պարգևի:

«Վարդգես  Սաֆարյանը  երկար  տարիներ  ղեկավարել  է   ԱրՊՀ   պատմության  ամբիոնը: Նա   ճանաչված   գիտնական  է ոչ  միայն  Արցախի, այլ  նաև   Հայաստանի  Հանրապետությունում»,- նշել  է  ռեկտորն  իր   շնորհավորական  խոսքում:

Ուսումնական  աշխատանքների  գծով  պրոռեկտոր  Գ. Սահակյանը  օրակարգի  առաջին  հարցով  ներկայացրել  է  առաջին  ընթացիկ  ստուգումների  անցկացման  նախապատրաստական  աշխատանքները: Նրա  խոսքով՝  ապահովված  են  անհրաժեշտ  փաստաթղթերը, առարկայական  ցանկերը   և  ժամանակացույցերը: Ոլորտի  պատասխանատուն   հորդորել  է  ամբիոնի   վարիչներին  մեկ  անգամ  ևս դասախոսներին  հիշեցնել  ընթացիկ  ստուգումների  անցկացման  ու   բողոքարկման  կարգերը   և   առաջնորդվել  սահմանված  կարգով:

Գիտխորհրդի  ընթացքում  քննարկվել  և  հաստատվել  են  ԱրՊՀ  պատվավոր  կոչումներ  շնորհելու, ԱրՊՀ  50-ամյակին  նվիրված  հուշամեդալով  պարգևատրման, 2021-2022 ուսումնական  տարվա  բակալավրի, մագիստրատուրայի  և  ասպիրանտուրայի  մասնագիտությունների  և   կրթական  ծրագրերի  ընդունելության   նախատեսվող   տեղերի  ցանկը  լիազոր  մարմին  ներկայացնելու  մասին  հարցերը:

Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է նաև «Արցախ. ներկան  և  ապագան»  խորագրով ծրագիրը, ըստ որի նախատեսվում է առաջիկայում  կազմակերպել  հանդիպում-քննարկումներ   հանրապետության պատասխանատու պաշտոնյաների, տարբեր  գերատեսչությունների ղեկավարների, կառույցների  ներկայացուցիչների   հետ և հանրությանը հուզող տարբեր հարցերի պատասխաններ ստանալ անմիջապես առաջին ձեռքից: Մուտքը կլինի ազատ, և նման հանդիպումներին կարող են մասնակցել համալսարանի տարբեր աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ: