Արցախի պետական համալսարան

Մարտի 19-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել «Արցախի առօրյան» խորագրով լավագույն հոդված մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հրավիրվածներ, մրցույթի մասնակիցներ։ Մրցույթը հայտարարվել և հովանավորվել է Ղրիմի հայ համայնքի և «Լույս» բարեգործական հիմնադրամի կողմից։ Մրցանակաբաշխությանը  հեռուստակամրջով մասնակցել են նաև Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանը, «Լույս» բարեգործական հիմնադրամի ղեկավար, փ.գ.դ., պրոֆեսոր, Ղրիմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Օլեգ Գաբրիելյանը, Սիմֆերոպոլի հոգևոր համայնքի առաջնորդ Տեր-Ներսեսը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին։

«Պատերազմի սկզբից ցայսօր ակնառու է Սփյուռքի աջակցությունը: Մենք մեր բոլոր ծրագրերում նախատեսում ենք Սփյուռքի հետ համագործակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի հայությանը` մեր կողքին լինելու, մեր և Սփյուռքի ինքնության պահպանմանը աջակցելու համար»,-նշել է նախարարը` վստահեցնելով, որ  Արցախը վերականգնվելու և ուժեղանալու է կրկին:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով Արցախի պետական համալսարանի և Ղրիմի հայ համայնքի միջև համագործակցությունը, մրցանակաբաշխությունը համարել է այդ համագործակցության առաջին հաջողված ծրագիրը։

«Ղրիմի հայ համայնքը հայտնի է իր հայրենանվեր գործունեությամբ դեռ պատմության խորքերից, և այն այսօր էլ շարունակվում է: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի»,-ասել է ԱրՊՀ ռեկտորը` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և իր անունից շնորհակալություն հայտնելով Ղրիմի հայ համայնքին ու միջոցառման կազմակերպիչներին:

Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանը, իր հերթին ողջունելով ներկաներին, կարևորել է Արցախի հետ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ համագործակցությունը շարունակական կլինի։

Ներկաներին ողջունել է նաև «Լույս» բարեգործական հիմնադրամի ղեկավար, փ.գ.դ., պրոֆեսոր, Ղրիմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Օլեգ Գաբրիելյանը՝ իր հերթին կարևորելով Արցախի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս նպաստելու համագործակցության արդյունավետությանը։

Միջոցառման ընթացքում մրցույթի բոլոր մասնակիցները խրախուսվել են հավաստագրերով, նվերներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ նաև արժանացել  դրամական պարգևի։ Մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Թամարա Բաբայանը /7000ՌԴ ռուբլի/, երկրորդ՝ Լուսինե Վանյանը /5000 ՌԴ ռուբլի/, իսկ երրորդ տեղը՝ Լիզա Միրզոյանը/3000 ՌԴ ռուբլի/։ Դրամական խրախուսանքի են արժանացել նաև Ինգա Ադամյանը, Աննա Բալայանը, Նոննա Սաղյանը /յուրաքանչյուրը` 2000-ական ՌԴ ռուբլի/։ Միջոցառման ընթացքում Ղրիմի հայ համայնքի կողմից, որպես բարեգործություն, ԱՀ ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցվել մեկ միլիոն ՀՀ դրամ` Արցախում ոսկերչությունը` որպես արհեստ, զարգացնելու և ուսուցանելու նպատակով ծրագիր իրականացնելու համար:

Ամփոփելով միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը շնորհակալություն է  հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին` նշելով.«Արցախում գրեթե բոլորն են տաղանդավոր, մնում է բացահայտել տաղանդի կայծն ու բորբոքել այն: Հուսով եմ` մեր համագործակցության արդյունքում դեռ շատ տաղանդներ ենք բացահայտելու»: