Արցախի պետական համալսարան

Մարտի 24-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել «Դասի արդյունավետության բարձրացման ուղիներն ու խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում` ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ՈԱԿ վարիչ Շ. Սաղյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, դասախոսներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին և կարևորելով թեմայի արդիականությունն ու քննարկման անհրաժեշտությունը` ֆակուլտետի դեկանը հավաստել է, որ դասի արդյունավետության բարձրացմանը միտված պարբերաբար զգալի աշխատանքներ են իրականացվում, առկա խնդիրների լուծման համար տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում, որոնց արդյունքում որակական առումով դրական  փոփոխություններն ակնառու են:

«Բոլոր կրթական բարեփոխումների հիմքում պետք է կանգնած լինի դասախոսը, ուստի  խնդիրների լուծման ուղիներ նախանշելու համար կարևոր է յուրաքանչյուր դասախոսի տեսակետը, ինչը բացահայտելու արդյունավետ միջոցներից է նաև կլոր սեղան-քննարկումների ձևաչափը»,-նշել է  դեկանը` ներկայացնելով մասնագիտական կրթական ծրագրերը կազմելու առանձնահատկությունները, դրանց հիմնական սկզբունքները` նպատակը, վերջնարդյունքը, վերջնարդյունքին հասնելու ճանապարհը:

ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով` ԱրՊՀ ռազմավարական ծրագրով նախանշված են բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են որակի բարելավմանը:

«Փոխվել են ժամանակները, նոր ժամանակները նոր պահանջներ են թելադրում: Դասին պետք է կիրառել նոր մեթոդներ, կազմակերպել քննարկումներ, խրախուսել  ուսանողների ստեղծարար գաղափարներն ու զարգացնել  վերլուծական մտածողություն»,-նշել է պրոռեկտորը` կարևորելով ուսուցման գործընթացում ինովացիոն մեթոդների կիրառումը:

Իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Գրետա Արզումանյանի կարծիքով ավագ սերնդի դասախոսների մոտ առավելություն է փորձը, իսկ երիտասարդների մոտ` նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունները:

«Պետք է կարողանալ այս երկու առավելությունները համադրել, և այդ դեպքում կապահովվի արդյունավետությունը»,-նշել է Գ. Արզումանյանը:

«Կերտել ապագա` նշանակում է հիմնվել հնի վրա և ավելացնել նորը: Չպետք է հրաժարվել հնից, այլ` ավանդականին ավելացնել նորարարությունը»,-համոզմունք է հայտնել պատմության և քաղաքագիտության ամբիոնի երկարամյա փորձ ունեցող դասախոս Անդրեյ Պետրոսյանը` հավելելով, որ մարդկային գործոնի ակտիվությունն անհրաժեշտություն է  բոլոր գործընթացներում արդյունավետություն ապահովելու հարցում:

ԱրՊՀ ՈԱԿ վարիչ Շ. Սաղյանի խոսքով` ժամանակն է քննարկումներից անցնելու գործի:

«Բոլոր դասախոսները պետք է ծանոթ լինեն ՈԱՇ-ի (Որակի ազգային շրջանակ) բնութագրիչներին, և դրանք պետք է ներառվեն առարկայական նկարագրերում: Դասընթացը պետք է առաջադրի խնդիրներ, ապահովի այն խնդիրների լուծումը, որոնց հետագայում բախվելու է ուսանողը ավարտելուց հետո աշխատելիս»,-ասել է Շ. Սաղյանը` հավելելով, որ այդ ամենը լինելու դեպքում կապահովվի արդյունավետությունը:

Կլոր սեղան-քննարկմանը իրենց տեսակետներն են հայտնել նաև ավագ, միջին և երիտասարդ սերունդը ներկայացնող դասախոսներ:

Ամփոփելով քննարկումը` ֆակուլտետի դեկանը նշել է, որ թեման տարողունակ է, և նմանատիպ քննարկումների կազմակերպումը շարունակական է լինելու: