Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ  ուսանողական  խորհուրդն ու  գիտական  ընկերությունը  նոր  ուսումնական  կիսամյակից  վերսկսել  են  իրենց ակտիվ գործունեությունը՝  նպատակ ունենալով խթանելու համալսարանի   ուսանողական  ու  գիտական կյանքի  աշխուժացմանը: ՈՒԽ  և  ՈւԳԸ նախագահության կողմից արդեն իսկ մշակվել է ուսումնական տարվա գործունեության ծրագիրը՝ նախատեսելով տարաբնույթ միջոցառումներ։ Սահմանվել է ընդհանուր ծրագրերի պլանը՝ մասնավորեցնելով նաև առանձին ֆակուլտետներինը։

ՈւԽ  նախագահ   Ա. Ասրյանի  խոսքով` արդեն  իսկ  մեկնարկել  և  ընթացքի  մեջ  է    անցած  կիսամյակում  սկսած  արշավների  ծրագիրը:

«Առանցքային է  ուսանողության համար հնարավորությունների ստեղծումը: Նախատեսում ենք իրականացնել մի շարք ծրագրեր` ուղղված ուսանողության իրավագիտակցության, մեդիագրագիտության բարձրացմանը, դատողական հմտությունների բարելավմանը, ինքնուրույն գիտական մտածողության զարգացմանը»,-  նշել  է  Ա. Ասրյանը՝  հավելելով, որ  հիմա, առավել քան երբևէ, մեծ է Արցախի ուսանողության դերը ՀՀ և Սփյուռքի մեր հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման, ամրապնդման և զարգացման գործում:

Ուսանողական  գիտական ընկերության  կողմից   միջոցառումների մեկնարկը տրվել է ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղերով՝ առաջիկայում կայանալիք միջֆակուլտետային խաղի համար թիմեր ընտրելու նպատակով։ Ընթացքի  մեջ  է նաև  գիտական սեմինարների անցկացումը՝ ուսանողներին ռեֆերատների և կուրսային աշխատանքների կարգին ծանոթացնելու նպատակով:

«Մեծ պատրաստակամությամբ շարժվում ենք առաջ՝ մոտ ապագայի համար ծրագրելով հետաքրքիր միջոցառումներ, ինչպիսիք են գիտական կոնֆերանսները, կլոր սեղանի շուրջ քննարկումները։ Հուրախություն բանավեճի սիրահար ուսանողների՝ ակումբը վերաբացվելու է՝ արդիական թեմաների շուրջ կազմակերպելով բանավեճեր»,- նշել  է  ուսանողական գիտական  ընկերության  նախագահ  Ա. Ղազարյանը՝ հավելելով, որ  ուսանողական  խորհրդի  հետ   համագործակցությունը  շարունակական  բնույթ  է  կրելու,  ավելի  է ամրապնդվելու և ակտիվությամբ գործելու՝ ի նպաստ ԱրՊՀ ուսանողության  ուսումնագիտական  և  մշակութային  կյանքի  առաջընթացի:

«ԱրՊՀ սիրելի՛ ուսանողներ, սպասում ենք նաև Ձեր ստեղծարար մտահղացումներին՝ հավանության դեպքում դրանք կյանքի կոչելու համար։ Աշխատենք անել առավելագույնը հանուն  և  հօգուտ  Արցախի  մայր  բուհի»,-կոչ են անում  ԱրՊՀ  ՈՒԽ-ն  և  ՈՒԳԸ-ն: