Ազնվություն և պատասխանատվություն` սեփական աշխատանքի նկատմամբ.սա է պահանջում նոր գործընթացը

13.11

2012

ԱրՊՀ գիտխորհրդի նիստում

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարում էր ռեկտոր Ստեփան Դադայանը:

Նիստին ներկա էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
Օրակարգի առաջին հարցը գիտխորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին էր:ԼՂՀ ԿԳ նախկին նախարար Վլադիկ Խաչատրյանի փոխարեն գիտխորհրդի անդամ ընտրվեց նորանշանակ նախարար Սլավա Ասրյանը, իսկ ԱրՊՀ գիտքարտուղար Արմեն Սարգսյանի փոխարեն (այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ)`  նոր գիտքարտուղար Գայանե Մարգարյանը: Գիտխորհրդի կազմում ընդգրկվեցին նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը, նախնական զինվորական պատրաստության և ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ուսումնական մասի վարիչ Ժաննա Անաստասյանը:
Նիստում 2012-2013 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացիկ հարցումների արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես եկան ֆակուլտետների դեկանները: Ընդհանուր առմամբ` բոլոր ֆակուլտետներում պատկերը գրեթենույնն է` առաջադիմությունը բարձր է առաջին կուրսեցիների մոտ: Զեկուցողները հիմնականում կանգ առան թեստային եղանակով անցկացված քննությունների արդյունքներին: Ինչպես հայտնի է, նման ձևով քննությունները կազմակերպվում են առայժմ առաջին կուրսեցիների մոտ, բայց հետագայում մյուս կուրսերում նույնպես կկիրառվի այդ մեթոդը:
Հարկ է նշել, որ շահագրգիռ քննարկման թեմա դարձավ թեստային առաջադրանքների հարցը, հատկապես` դրանց պատասխանները ուսանողներին տալ-չտալը: Դասախոսների մեծ մասն այն կարծիքին է, որ պետք է պատասխանները տրամադրել նրանց: Մեկ այլ` ոչ պակաս մտահոգիչ հանգամանք ևս. ըստ ելույթ ունեցողների` թեստերը կազմված են ոչ պատշաճ մակարդակով և հիմնականում բարդ չեն: Բայց որ գործընթացն անշրջելի է`դրանում կասկած չկա:
ՙՄենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու,- ասում է պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը:- Դեռ պետք է 1-ին և 2-րդ կիսամյակների արդյունքները քննարկենք, իմանանք ինչ փոփոխություններ են անհրաժեշտ անել, որպեսզի գոհ լինեն թե դասախոսները և թե  ուսանողները՚:
Ճարտարագիտության ֆակուլտետում 1-ին կուրսեցիների 50 տոկոսը քննություններից ստացել է գերազանց գնահատական: Դեկան Գագիկ Բաղունցի խոսքերով` ինքնին հասկանալի է, որ թեստերը բարդ չեն եղել: Մյուս կողմից` պատճառը նաև այն փաստն է, որ ուսանողներին նախապես բաժանվել են թեստային առաջադրանքների պատասխանները: <<Տարիներ շարունակ քննությունները կազմակերպվել են ավանդական եղանակով և բոլորը քաջատեղյակ են դրա թե դրական և թե բացասական կողմերին: Այսօր նորամուծություն է տեղի ունեցել և կարծում եմ` գոնե ևս մեկ կիսամյակ պետք է շարունակենք կիրառել նոր եղանակը, որպեսզի արդյունքներն ամփոփելուց կարողանանք ճիշտ եզրակացության գալ:Չի բացառվում, որ կկիրառվի ինչպես ավանդական, այնպես էլ նոր մեթոդը>>,- ասաց Գ. Բաղունցը: Ինչ վերաբերում է թեստերի պատասխանները տրամադրելուն` նա առաջարկեց դա անել քննություններից գոնե մեկ օր առաջ:
Քիմկենսաբանական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանի համոզմամբ` ստեղծված իրավիճակից դուրս  գալու միակ ճիշտ ելքը թեստերի քանակը շատացնելն է:
Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանն անդրադառնալով գործընթացի կազմակերպման նրբություններին` ասաց. ՙՅուրաքանչյուր նորամուծություն լրամշակման կարիք ունի և չի բացառվում նաև այս գործընթացը: Ես համոզված եմ, որ քայլ առ քայլ կհասնենք մեր առջև դրված նպատակին՚:
Մանկավարժության ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանի խոսքերով` գրեթե բոլոր ֆակուլտետներում առաջադիմությունը բարձր է: Բայց չպետք է շահարկել 1-ին կուրսեցիների` քննությունները նոր եղանակով կազմակերպելու հարցը: <<Քննությունները համակարգչային եղանակով կազմակերպելը մեկ ճշմարիտ միտում ունի`  համահունչ լինել աշխարհում գնահատման նոր մեթոդներին, ինչը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը: Գաղտնիք չէ, որ այս հարցը մտահոգում է իշխանություններին և համալսարանի ղեկավարությանը: Միաժամանակ այս ձևը հնարավորություն է տալիս ուսանողին, որպեսզի նա կարողանա ստեղծագործաբար մոտենալ հարցին, ստուգել ինքն իրեն` ճիշտ է արդյոք, թե սխալ>>,- ասաց Արզիկ Մխիթարյանը: Նրա կարծիքով` մտահոգության պատճառը միայն քննությունների կազմակերպման մեթոդոլգիան է. ինչպես անել, որ ուսանողի գնահատականը համարժեք լինի իր իսկ գիտելիքներին: <<Դասախոսում ենք ավանդական ձևով, բայց ստիպված ենք քննություն ընդունել մոդեռն եղանակով, ինչը համատեղելի չէ,- ասում է Արզիկ Մխիթարյանը:- Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է գործնականի ժամանակ թեստերը տրամադրել ուսանողներին: Թող նրանք որպես գործնական աշխատանք վարժություններ կատարեն, թեստերի պատասխանները սովորեն. սա էլ ձև է` ուսանողներին աշխատեցնելու համար` Դրանով կբացառվի նաև այն հանգամանքը, որ ուսանողը մեխանիկորեն ստանում է պատասխանը: Ուսանողներից մեկն ասում է` ես միայն սովորում եմ ճիշտ պատասխանները... Սա նշանակում է, որ ուսանողն ինքն իր համար գտնում է սովորելու ձևը: Այնուամենայնիվ` պետք է շատ աշխատել թեստերի ու դրանց որակի վրա: Եթե մտել ենք նոր ճանապարհ` պետք է հարթենք այդ ուղին>>:
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Էլեոնորա Հայրապետյանի կարծիքով` կարևորը թեստերի բովանդակությունն է: Կան և շատ հեշտ` ավանդական, և ադապտացիայի ենթարկվող թեստեր: ՙԹե ինչ արդյունքի կհասնենք` ցույց կտա ժամանակը: Առայժմ վաղ է խոսել՚,- ասաց Էլեոնորա Հայրապետյանը:
Քննությունները թեստային եղանակով` համակարգչով կազմակերպելու փորձն առաջինը կիրառվել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Ուստի զարմանալի չէ, որ դեկան Կարեն Արամյանը ողջունում և դրական քայլ է համարում դա, քանզի, իր իսկ հավաստմամբ, այն կարևոր է մարդկային գործոնը բացառելու համար: <<Այլևս այս կամ այն դասախոսին չեն խնդրի քննության համար>>,- ասաց Կարեն Արամյանը:
ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ թեստային առաջադրանքներով քննությունների կազմակերպումը կրթական բարեփոխումների հրամայական է: Առայժմ արդյունքները վկայում են, որ այդ հարցում ունենք թերություններ, մասնավորապես` որակական և քանակական խնդիրներ, ասաց պրոռեկտորը:
Քննարկվող հարցի առնչությամբ հնչած բազմաթիվ ելույթներից հետո եզրակացությունը մեկն էր` թեստերը պետք է կազմել որակով և  քանակով ավելի շատ:
ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանի կարծիքը հստակ էր. թեստային առաջադրանքները պետք է կազմված լինեն այնպես, որպեսզի հնարավոր լինի տալ ուսանողի օբյեկտիվ գնահատական:<<Սա մի գործընթաց է, որը սկսել ենք և ուզում ենք ավարտին հասցնել ճիշտ ձևով: Ավելի լավ է մեկ-երկու կիսամյակ թերություններով առաջ ընթանանք, քան հրաժարվենք նոր մեթոդից>>,- ասաց ԿԳ նախարարը: Ս. Ասրյանը որոշ պարզաբանումներ տվեց մեթոդի` բարձրագույն ուսումնական հաստատություններ մուտք գործելու անհրաժեշտության մասին:
Ամփոփելով ելույթները` ռեկտոր Ստեփան Դադայանը կոչ արեց սեփական աշխատանքի նկատմամբ ցուցաբերել ազնվություն և պատասխանատվություն: Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց վերահսկողություն սահմանել թեստերի մշակման, հաստատման ու համակարգչային բազա մուտքագրման գործընթացի վրա:
Գիտխորհրդի նիստը քննարկեց նաև առկա ուսուցմամբ հետազոտողի կրթական ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ըստ տարիների ուսումնական և հետազոտական բեռնվածությունների պլանների հաստատման մասին հարցը, որը ներկայացրեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանը: Նա նշեց, որ գործընթացն սկսվել է օրինական հիմքի վրա, ինչը պետք է միայն հաստատել:
Այլ հարցերի շրջանակում գիտխորհրդի նիստը միաձայն <<կողմ>> քվեարկությամբ միջնորդեց և ԲՈՀ ներկայացրեց ԱրՊՀ փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի ժամավճարային հիմունքներով աշխատող ավագ դասախոս Դավիթ Բաբայանին` դոցենտի տարակարգ ստանալու համար: Նույն օրը նիստը տպագրության երաշխավորեց ԱրՊՀ մի քանի դասախոսների աշխատություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Օրակարգի վերջին հարցը ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի անցկացման մասին էր: 
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում պրոֆեսորի թափուր տեղը տրամադրվեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Արկադի Թովմասյանին (28 կողմ, 2 դեմ, 4 անվավեր): Աշխարհագրության ամբիոնից դոցենտի թափուր տեղը զբաղեցրեց Անահիտ Գրիգորյանը (32 կողմ, 1 դեմ, 1 անվավեր), տնտ. տեսության և կառավարման ամբիոնից` Շուշանիկ Ասրյանը (32 կողմ, 1 դեմ, 1 անվավեր), մաթեմատիկայի ամբիոնից` Գուրգեն Նալբանդյանը: