Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին կազմակերպվել է միջոցառում` նվիրված բանաստեղծ Միսաք Մեծարենցի ծննդյան 135-ամյակին:

ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանի խոսքով` գրողների հոբելյանների առթիվ կազմակերպվող միջոցառումները կարևոր են ուսանողությանը ծրագրային նյութից բացի հավելյալ գիտելիքներ տալու, նրանց կարողությունները զարգացնելու տեսանկյունից:

Միջոցառման ընթացքում Ս. Խանյանը հանդես է եկել բանախոսությամբ` անդրադառնալով Մ. Մեծարենցի գրական ժառանգությանը, բանաստեղծի գեղագիտական մտածողության առանձնահատկություններին, նորարարությանը, գրական ավանդներին, նրա ապրած ժամանակաշրջանին:

«Շատ կարևոր է հստակ իմանալ այն ժամանակաշրջանը, որի համապատկերում հառնեց Մեծարենց բանաստեղծը: Միսաք Մեծարենցը դարձավ ոչ միայն գրական լավագույն ավանդների շարունակողը, այլ նաև` դպրոց: Նա այն հսկաներից է, որ հեղաշրջեց արևմտահայ պոեզիան»,-նշել է Սոկրատ  Խանյանը` հավելելով, որ այսօր էլ անհնար է չհիանալ Մեծարենցի պոեզիայով ու նրա խորը փիլիսոփայությամբ: Բանաստեղծը երբեք չի շփոթվել ժամանակի ուղղություններով։ Նրա պոեզիան այսօր էլ արդիական է:

Միջոցառման  ընթացքում ուսանողներն ասմունքել են Մ. Մեծարենցի պոեզիայից, ցուցադրվել են տեսանյութեր, հնչել երգեր` գրված Մ. Մեծարենցի ստեղծագործությունների հիման վրա:

Վերջում բանախոսն օրվա խորհուրդը ամփոփել է` գրքեր նվիրելով ուսանողներին: