Արցախի պետական համալսարան

SAM_0032

Սպիտակի երկրաշարժի 24 - րդ տարելիցի կապակցությամբ, այսօր Արցախի պետհամալսարանի ղեկավար կազմը, ուսանողները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

1988թ. դեկտեմբերի  7-ին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ավերիչ երկրաշարժը մի քանի վարկյանում տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց, երկրի երեսից ջնջեց  քաղաքներ ու գյուղեր, ավերակույտերի վերածեց գործարաններ ու ֆաբրիկաներ, բնակելի տներ, դպրոցներ ու մանկապարտեզներ: Ամեն ինչ: Տարերքը կույր է: Այն սարսափեցնում է իր դաժանությամբ. վշտից խելահեղ, որդեկորույս  մայրերի դեմքեր, հարյուրավոր վիրավորներ, հարազատներից, օթևանից զրկված մարդկանց սուգ ու շիվան: Ահավոր ու աննկարագրելի պատկեր  էին  ներկայացնում  Սպիտակի, Լենինականի, Կիրովականի, Ստեփանավանի փլատակները…

Ողբերգությունն ընդգրկեց Հայաստանի տարածքի 40 տոկոսը` մեկ միլիոն բնակչությամբ: Ճշգրտված տվյալներով, զոհվեց  25 հազար  մարդ , 20  հազարը տարբեր ծանրության վերքեր ու խեղումներ ստացավ, տուժեց ավելի քան 20 քաղաք ու  շրջան, 342 գյուղ, որոնցից 58-ը` հիմնահատակ: Կորսվեց ավելի քան ութ միլիոն քառակուսի մետր բնակտարածություն, որը կազմում էր հանրապետության ամբողջ բնակարանային ֆոնդի 17 տոկոսը: Ավերվեց կամ վթարային վիճակի մեջ էր գտնվում 277 դպրոց, 368 գրադարան, 245 մանկական  նախադպրոցական հիմնարկ, 250 առողջապահական օբյեկտ: Դադարել էին գործելուց  ավելի քան 170 արդյունաբերական  ձեռնարկություն, մասնաճյուղ և արտադրամաս:
Հանրապետությունը կորցրեց  տասնամյակների ընթացքում  կուտակված ազգային  հարստության  մեկ երրորդը, ավելի  քան կես միլիոն մարդ զրկվեց  ապրուստի բոլոր պայմաններից: Իսկ որքան ֆիզիկապես  ու  բարոյապես խեղված  մարդիկ, որքան փշրված  ճակատագրեր, որբացած երեխաներ:
Մեր գլխին պայթած ողբերգությունը ցնցեց  ամբողջ աշխարհը:
Ողբերգությունը ծնեց  նաև մարդկության աննախադեպ  կարեկցանքն ու գթասրտությունը: Մեր ցավը դարձավ հիրավի համաժողովրդական, հիրավի համամարդկային ցավ: Երևանը, Հայաստանը  դարձավ  միջազգային կարեկցանքի  ու անշահախնդիր օգնության էպիկենտրոն:

SAM_0035