Արցախի պետական համալսարան
Ապրիլի 6-ին Արցախի պետական համալսարանում կայացել է կլոր սեղան-քննարկում՝ Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ: Միջոցառումը նախաձեռնվել է ԱրՊՀ, ԿԳՄՍՆ և խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների համատեղ ջանքերով։ Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ փախնախարար Հ. Մինասյանը, ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, համալսարանի տարբեր բաժիններից դասախոսներ և ուսանողներ: Կարևորելով հայ կնոջ դերն ու նշանակությունը սերունդների դաստիարակության գործում՝ ներկաներն իրենց երախտիքի խոսքն են հղել բոլոր հերոսածին մայրերին՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց որդիների կյանքը նվիրելու համար:
 
ԿԳՄՍ փոխնախարար Հ.Մինասյանը ողջունելի է համարել նման բնույթի քննարկումների կազմակերպումը և, անդրադառնալով օրվա խորհրդին, կնոջ դերը առավել շատ կարևորել է կրթության ոլորտում:
«Կրթությունը սերունդների դաստիարակության անբաժանելի մասն է կազմում, այն մշտապես հայ մայրերի ուշադրության կենտրոնում է եղել: Չնայած բոլոր դժվարություններին, հայ կինը երբեք չի ընկճվել և միշտ կարողացել է ամուր մնալ՝ հավատալով, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է»,- նշել է Հ. Մինասյանը:
 
«Թող պատերազմի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարվեն և բոլոր կրթօջախներում և ընտանիքներում տիրի միայն ու միայն խաղաղություն, սեր և փոխըմբռնում: Թող ոչ մի մայր այլևս որդի չկորցնի և այդքան ցավոտ չկրի հերոսածին մոր կոչումը»,- նշել է ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը՝ մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր կանանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Քննարկման մասնակիցները հանդես են եկել տարբեր զեկույցներով՝ թեմաների առանցքում պահելով հայ կնոջ կերպարը ազգապահպանման և հայրենասիրության սերմանման գործում: Միջոցառումն ամփոփվել է երաժշտական համարներով և ասմունքներով: