Ապրիլի 8-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում կայացել է հանդիպում հ.գ.թ., դոցենտ Կարինե Նալչաջյանի և հ.գ.թ., ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող տարբեր կուրսերի ուսանողներ: ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բանախոսներին ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպելու համար:
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են հոգեբանության բազմաճյուղ կառուցվածքը և անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում:
«Ինձ համար մեծ պատիվ և մեծ ուրախություն է լինել Արցախ աշխարհում և հանդիպել ուսանողության հետ արդեն իսկ հարազատ դարձած վայրում՝ Արցախի պետական համալսարանում: Հոգեբանությունը շատ լուրջ գիտություն է, որն ունի իր զարգացման պատմությունը և շատ մեծ նվաճումներ: Այս առումով պետք է շնորհավորեմ Ձեզ և մեկ անգամ ևս շեշտեմ, որ շատ կարևոր մասնագիտություն եք ընտրել»,- դիմելով ուսանողությանը` նշել է Կ. Նալչաջյանը՝ հավելելով, որ ապագա հոգեբանները մասնագիտական գործունեության շրջանակներում դեռ շատ անելիքներ կունենան, կյանքի բոլոր անկյուններում կառնչվեն հոգեբանությանը, որտեղ մարդ, այնտեղ հոգեբանություն:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, ռազմական հոգեբան Դ. Ջամալյանը նշել է, որ նախկինում նույնպես Արցախում լինելու որևէ առիթ բաց չի թողել` ուսանողության հետ հանդիպելու համար:
«Մենք մի բռունցք ենք, մի ամբողջականություն, մի հայրենիք, մի ազգ, և մենք պետք է ամուր միասնականությամբ կառչենք հայրենատիրության գաղափարից, լինենք Արցախի կողքին և սատարենք միմյանց»,- նշել է Դ. Ջամալյանը՝ իր խոսքում հավելելով, որ պատրաստ է հոգեբանական առցանց դասընթացներ անցկացնել ԱրՊՀ ուսանողների համար՝ հանդիպումների անընդհատության սկզբունքը պահպանելու և արդյունավետ աշխատանքի նպատակով:
Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին: