Արցախի պետական համալսարան

Ապրիլի 8-ին ԱրՊՀ է այցելել և ուսանողական ակտիվի հետ հանդիպում ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների հարազատների միության ղեկավար Արմեն Ասրյանը:

Այցի նպատակն էր ձևավորել և ամրապնդել համագործակցությունը ԱրՊՀ-ի  հետ:  Համագործակցության շրջանակում նախատեսվում է օգտագործելով ուսանողության ներուժը` ստեղծել կամավորական խմբեր, որոնք կուսումնասիրեն զոհվածների, անհայտ կորածների հարազատների, ընտանիքների սոցիալ-կենցաղային և այլ բնույթի խնդիրներ, արդյունքում կստեղծվի տվյալների բազա, ինչն էլ հաշվի առնելով` կմշակվի հետագա  անելիքների ծրագիրը:

Հանդիպմանը ներկա էր նաև հ.գ.թ., դոցենտ Կարինե Նալչաջյանը, ով ուսանողներին ներկայացրել է հոգեբանական անհրաժեշտ գիտելիքներ` զոհվածների և անհայտ կորածների հարազատների հետ աշխատելու նրբությունների վերաբերյալ:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը  ԱրՊՀ անունից միությանը մասնագիտական և այլ բնույթի օժանդակություն ցուցաբերելու նպատակով պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ ուսանողները կկարողանան նախանշված ուղղություններով կամավորական աշխատանքներով աջակցել խնդիրների վերհանմանն ու համակարգմանը:

Կամավորագրվելու համար անհրաժեշտ է դիմել ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահներին: