Արցախի պետական համալսարան

Ապրիլի  15-ին  Արցախի  պետական  համալսարանում  նշվել  է   աշխարհահռչակ  գիտնական, լեզվաբան, անվանի  մանկավարժ, ակադեմիկոս   Հրաչյա  Աճառյանի  145-ամյակը: Միջոցառումը  նախաձեռնել  է  ակ. Ս. Աբրահամյանի   անվան  հայոց  լեզվի  ամբիոնի  դասախոս, բ.գ.թ., դոցենտ   Նունե Խաչատրյանը՝  «Հայոց  լեզու  և  գրականություն»  մասնագիտության  3-րդ  կուրսի  ուսանողների  մասնակցությամբ: Միջոցառմանը  ներկա  են  եղել  ֆակուլտետի  դեկան  Լ. Մարգարյանը, ամբիոնի  վարիչ  Հ. Ղազարյանը, ամբիոնից  դասախոսներ  և  ֆակուլտետի  տարբեր  կուրսերից   ուսանողներ:

Գիտական  ցերեկույթի  ընթացքում  ուսանողները  հանդես  են  եկել  զեկույցներով՝  ներկայացնելով  աշխարհահռչակ  գիտնականի, մեծ հայրենասերի   կյանքն  ու  գիտական գործունեությունը, լեզվաբանական  աշխատություններն  ու  հետաքրքիր  դրվագներ   լեզվաբանի  կյանքից:

«Միջոցառման  առանցքային  նպատակն  էր  ոչ  միայն ուսանողներին ծանոթացնել     անվանի  լեզվաբանի  գիտական  գործունեությանն  ու  լեզվաբանության   համար   մեծարժեք   աշխատություններին,  այլ  նաև՝ Հ. Աճառյան  մարդ-գիտնականի  հետ»,-  նշել  է  Ն. Խաչատրյանը՝ հավելելով, որ  նման  ձևաչափով   միջոցառումները շարունակական  բնույթ  կկրեն՝ ունենալով  և՛  ուսուցողական, և՛  դաստիարակչական  նշանակություն: