Արցախի պետական համալսարան

Ապրիլի  16-ին  Արցախի  պետական  համալսարանի  պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետում  կազմակերպվել  է «Պատմամշակութային  արժեքների  պահպանության  հարցը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը  նախաձեռնել  են  «Իրավագիտություն» մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանողները: Քննարկմանը  մասնակցել  են  ֆակուլտետի  դեկան Ա. Խաչատրյանը, պատմության  և  քաղաքագիտության  ամբիոնի  վարիչ  Ն. Սարումյանը, ամբիոնից  դասախոսներ   և   ուսանողներ:

«Մեր  ժողովրդի  ողջ  պատմության  ընթացքում  պատմամշակութային  արժեք  ունեցող  վայրերն  ու  դրանց  պահպանությունը  կարևոր   նշանակություն  են  ունեցել: Մենք  դատապարտում, պահանջում  և  կոչ  ենք  անում     բռնազավթված  տարածքներում  գտնվող  հուշարձանների   նկատմամբ  վանդալիզմի անհապաղ  դադարեցում»,- նշել  է  պ.գ.թ., դոցենտ  Ն. Սարումյանը:

            Քննարկման  ընթացքում  ուսանողները  հանդես  են  եկել   զեկույցներով, որոնցում  մասնավորապես  ներկայացրել  են  միջազգային  կազմակերպությունների  դիրքորոշումը, հուշարձանների  ու  տեսարժան   վայրերի  պահպանման  ուղղությամբ   ներկայումս  իրականացվող  գործընթացն  ու  կատարել    համապատասխան  եզրահանգումներ:

            «Հուշարձանները,  լայն  առումով,  երկրի, ժողովրդի  մշակութային  ժառանգության  մաս  կազմող  ստեղծագործություններ  են: 2020թ. պատերազմի  ընթացքում   և  դրանից հետո էլ Ադրբեջանի  կողմից  կոպտորեն  խախտվել  են  միջազգային  իրավունքի  գրեթե  բոլոր  նորմերն  ու   մարդասիրական  իրավունքները, վնասվել  և  նույնիսկ  հիմնահատակ  ոչնչացվել  են  մեր  պատմական  հուշակոթողները, ինչի  համար, անշուշտ, պետք  է  պատասխանատվության  ենթարկվեն»,- նշել   է  «Իրավագիտություն»  մասնագիտության    առաջին   կուրսի    ուսանող  Արա  Սարգսյանը:

            «Հատկապես վերջին իրադարձություններից հետո մեզանից յուրաքանչյուրի համար օրակարգային է մշակութային ժառանգության պահպանումը, քանզի դրանք այն կոթողներն են, որոնք իրենց հնությամբ և արժեքով անգնահատելի ապացույցներ են մեր ժողովրդի ինքնության և բնիկ  լինելու  վերաբերյալ»,- նշել   է  «Իրավագիտություն»  մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանողուհի  Աստղիկ  Բաբայանը: