Արցախի պետական համալսարան

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի բակում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ պատերազմի հետևանքով հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ տեղի ունեցող ոճրագործությունների: Բողոքի ցույցին մասնակցում էին նաև ԱրՊՀ ուսանողներ և դասախոսներ:

Միջոցառումը  բացեց  մայր տաճարի հոգևոր սպասավոր տեր Ներսես Ասրյանն իր օրհնության խոսքով և Տերունական աղոթքով: Հոգևորականը տեղեկացրեց, որ անմիջապես Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին 2-րդի տնօրինությամբ ստեղծվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը պաշտպանող գրասենյակ, որին կից գործում է նաև հատուկ հանձնաժողով: Յուրաքանչյուր դեպք ու փաստ ՀԱԵ-ն  հնարավոր բոլոր խողովակներով հասցնում է համապատասխան կառույցներին, և արդարությունը վերհանելու գործընթացը շարունակելու է ՀԱԵ-ն:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն  իր ելույթում անդրադարձավ միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու կրոնական և մշակութային իրավունքներին:

«Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը թաղված է քաղաքական շղարշի տակ, և մեր կոչը միջազգային հանրությանը պետք է լինի այն, որ բավական է, պետք է հրաժարվել քաղաքական նպատակահարմարությունից և իրերը կոչել իրենց անուններով»,-հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են և պետք է դատապարտվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանն իր ելույթում հույս է հայտնել, որ համամարդկային պատմական ժառանգության պահպանման առաքելությամբ  ստեղծված միջազգային կազմակերպությունները վերջ ի վերջո գործնական քայլերի կդիմեն և կկանխեն մշակութային ցեղասպանությունը, առայժմ, սակայն, բավարարվում են սոսկ հայտարարություններով:

Ելույթով հանդես է եկել նաև ԱրՊՀ ուսանողուհի Լիլիթ Մարգարյանը՝ երիտասարդության անունից բողոքի ձայն բարձրացնելով՝ ընդդեմ հայկական մշակութային արժեքները ոչնչացնողների և կոչ անելով աշխարհին՝ կանխել մշակութային ցեղասպանությունը:

«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հայկական հուշարձանները մեծ վտանգի առջև են: Այդ հուշարձանները, որոնք տարածաշրջանում հայ ժողովրդի գոյության իրեղեն ապացույցն են, մեծ արժեք ունեն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից: Կոչ ենք  անում աշխարհին՝ փրկել մարդկության պատիվը, կանխել մեր մշակութային ժառանգության ապականումը»,-նշել է Լ. Մարգարյանը:

Բողոքի ցույցին մասնակցող երիտասարդները մշակութային ցեղասպանությունը դատապարտող և ցեղասպան գործողությունները դադարեցնելու կոչերով պաստառներով էին իրենց ձայնը հղել աշխարհին: