Արցախի պետական համալսարան

Ապրիլի 21-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է ծրագրավորման օլիմպիադա, որին մասնակցում են մոտ երեք տասնյակ ուսանողներ և աշակերտներ:

Օլիմպիադան նախաձեռնել են ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ, դոցենտ Վ. Առստամյանը և ամբիոնի դասախոսներ Ա. Մնացականյանը, Ս. Երիցյանը և Շ. Գրիգորյանը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող օլիմպիադան այս տարի իրականացվում է նաև առցանց եղանակով՝ ապահովելով մասնակցություն նաև հեռավար տարբերակով:  Մասնակիցներին առաջադրվել են հայերեն ձևակերպված ալգորիթմական խնդիրներ, որոնց լուծումներն ավտոմատացված համակարգով թեստային ստուգման են ենթարկվելու: Օլիմպիադան անց է կացվում անհատական ձևով:

«Մեր հիմնական նպատակն է ձևավորել թիմ, որը կներկայացնի մեր համալսարանը միջազգային հարթակներում»,-նշել է օլիմպիադայի նախաձեռնողներից Վ. Առստամյանը՝ հավելելով, որ այսօր մեծ առաքելություն է դրված բուհի առջև՝ վերականգնել երբեմնի պոտենցիալը:

«Նման օլիմպիադաները նպաստում են մասնակիցների մտահորիզոնի և մտքի ճկունության զարգացմանը: Կարծում եմ, որ այսօրվա օլիմպիադայի մասնակիցները կդառնան լավագույն մասնագետներ և կնպաստեն Արցախի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը»,-ասել է Վազգեն Առստամյանը:

Օլիմպիադայի արդյունքներն ամփոփելուց հետո անհատական առաջնության մասնակիցներին կտրվեն պատվոգրեր, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ նաև պարգևներ: