Արցախի պետական համալսարան

Ապրիլի  26-ին  Արցախի  պետական  համալսարանի  մանկավարժության  և  սպորտի   ֆակուլտետում  կազմակերպվել  է   կլոր  սեղան-քննարկում  «Կիրառի՛ր  գիտելիքներդ   և  փորձառությունդ  հանուն  հայրենիքի  զարգացման»  թեմայով, որին  հրավիրված  էին ուսուցիչներ Ստեփանակերտի  Ա. Ղուլյանի  անվան N2  հիմնական  և  Շուշիի  Խ. Աբովյանի  անվան  միջնակարգ  դպրոցներից  և դասախոսներ մանկավարժության ու  հոգեբանության  ամբիոնից:  Քննարկումը  նախաձեռնել  էր  մանկավարժության  և  հոգեբանության  ամբիոնի  ավագ  դասախոսի  պաշտոնակատար, մ.գ.թ.   Արմինե  Բաղդասարյանը:

Քննարկման նախաձեռնող Ա. Բաղդասարյանի խոսքով՝  նման հանդիպումների նպատակն է վեր հանել  հետպատերազմական  իրավիճակում դպրոցում  առկա  խնդիրները և դրանց  լուծման  համար գտնել ուղիներ՝ օգտագործելով նաև բուհի  կողմից   տրվող գիտական, մանկավարժական  ու  հոգեբանական   աջակցությունը:

            «Հասարակության  կյանքը  ձևավորող  և  իմաստավորող  համակարգը  առաջին  հերթին  կրթությունն է: Բոլորիս  համար  օրհասական  այս  օրերին  մենք  գտել  ենք, որ  նման  հանդիպումները  պետք  է  հաճախակի  լինեն, քանի  որ  բուհ-դպրոց  համագործակցությունը  մշտապես  եղել  է  արդիական, տեղին    և  պահանջված»,-նշել  է  նա:

            «Պատերազմը  խաթարեց   նաև   կրթության  բնականոն   գործընթացը՝  առաջացնելով  մի   շարք  խնդիրներ, որոնք  այսօր  դեռևս  շարունակում  են տեղ  գտնել  մեր  դպրոցներում: Այսօրվա  քննարկման  հիմնական  նպատակն  է  միասին  վերհանելու  առկա  խնդիրները  և  դրանց  լուծման  ուղիները՝  բուհ-դպրոց  համագործակցության  շրջանակում    մասնակից  դառնալով  այդ  խնդիրների  հետագա  վերլուծությանն ու լուծմանը»,- իր հերթին խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել  մանկավարժության  և  սպորտի  ֆակուլտետի  դեկան  Շ. Այդինյանը:

            Կլոր  սեղան-քննարկումը  ընթացել  է  երեք  հիմնական  ուղղություններով՝  «Ինչպե՞ս  ապահովել  երեխաների  ներգրավվածությունը  ուսումնական  գործընթացին», «Ինչպե՞ս  աշխատել  դժվարությամբ   գրող   և  կարդացող  երեխաների  հետ»,  «Ինչպե՞ս  աշխատել  վարքային  տարբեր  դրսևորումներ  ունեցող  երեխաների  հետ»: Քննարկման  մասնակիցները  ներկայացրել  են  անձնական  փորձից  օրինակներ  և  նշել,  որ հետպատերազմյան  իրականության առաջնային  խնդիրներից  է տեղահանված  աշակերտների    ակտիվ  ներգրավվածությունը դասապրոցեսին, որի հիմնական պատճառներից  մեկն  էլ   նրանց  հուզական  աշխարհի, առօրյա  կյանքի  խաթարումն  է, որոնց  վերականգնման   ուղղությամբ  տարաբնույթ  աշխատանքներ  են տարվում:

            Ստեփանակերտի  Ա. Ղուլյանի  անվան N2  հիմնական  դպրոցի  օտար  լեզվի  ուսուցչուհի  Գայանե  Լալաբեկյանը  կիսվել  է  իր  անձնական  օրինակով՝ նշելով.

            «Ցանկացած  մանկավարժ  նախ  և  առաջ   պետք  է լինի  հոգեբան, գերազանց  տիրապետի  այն  բոլոր  սկզբունքներին, որոնք  նա  կիրառում  է  դասապրոցեսի  ժամանակ, պետք  է սիրի, ճանաչի  իր  բոլոր  աշակերտներին  և, որ  ամենակարևորն  է,  փոխադարձ  վստահության  սկզբունքով  առաջնորդվի՝  ուսուցիչ-աշակերտ  կապի  ամրապնդման  գործընթացում»:

            ԱրՊՀ  ՈՒՇՀՀՏԱԳ  պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ  Վ. Յարամիշյանը ողջունելի  է համարել   նման  ձևաչափով  միջոցառման  կազմակերպումը  և   իր  խոսքում  կարևորել նման    փոխայցելությունները պարբերական դարձնելը՝ արդյունքում  ձևավորելով  նաև  փոխադարձ  պատասխանատվության  մեխանիզմը:

            «Բուհ-դպրոց  կապի  ամրապնդումը  մեր  համալսարանի  ռազմավարական  ծրագրի  կարևոր  նախադրյալներից  մեկն  է: ԱրՊՀ-ում  գործում  է  հոգեբանական  կենտրոն, որի  գործունեության  շրջանակներում   կարող  ենք  կազմակերպել  պրակտիկ  դասընթացներ, որին  կմասնակցեն  նաև  աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ»,- նշել  է  Վ. Յարամիշյանը՝  հավելելով, որ  անհրաժեշտ  է  համարում  քննարկման  արդյունքում   ունենալ   ընդհանուր  եզրակացություն  և հանդես  գալ  գործնական  առաջարկներով:

            Քննարկման   ավարտին  մասնակից ուսուցիչներին ԱրՊՀ կողմից տրամադրվել է մասնագիտական գրականություն: