Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական համալսարանի  ուսանողության հետ  հանդիպել է Հայ կրթական հիմնարկության Արցախի ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը: Հանդիպմանը ներկա էին տարբեր  մասնագիտություններից ուսանողներ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրթական աջակցություն ստանալու վերաբերյալ:  Հայ կրթական հիմնակության Արցախի ներկայուցուցիչ Վաչե Վարդանյանը, ով պատերազմից հետո կամավոր սկզբունքով եկել է Արցախ և առայսօր բնակվում է Արցախում, կիսվել է իր անձնական փորձով և ուսանողներին ներկայացրել կրթական աջակցություն ստանալու սկզբունքներն ու առաջիկա անելիքները: Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է  Արցախում կրթական ոլորտի բարելավումն ու զարգացումը:

Հայ կրթական հիմնարկության կողմից հայտարարված 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել վճարովի համակարգում 2021թ-ի սեպտեմբերից առաջին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ: Արցախի պետական համալսարանի բոլոր մասնագիտությունների համար նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու բարձր առաջադիմությունն ու  կամավորությունը և աջակցելու նյութապես անապահով ուսանողներին:

            «Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է նաև կրթաթոշակի մրցույթ` 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած զինվորների համար»,- նշել է Վաչե Վարդանյանը՝ հավելելով, որ կրթաթոշակը տրամադրվում է տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով և բոլոր հայտադիմումների վերջնաժամկետը 2021թ. մայիսի 16-ն է:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։