Արցախի պետական համալսարան

Այս օրերին Աբխազիայի պետական համալսարանը նշեց հիմնադրման 80-ամյակը։ Ռեկտոր Ալեկո Գվարամիայի հրավերով հոբելյանական տոնակատարություններին մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ուսումնական գծով պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը։

Աբխազիայի մայր բուհը, որը հիմնադրվել է 1932թ., մայրաքաղաք Սուխումում, ուներ ագրոմանկավարժական ինստիտուտի կարգավիճակ։ 1979թ. հաստատությունը վերափոխվել ու դարձել է Աբխազիայի պետական համալսարան և ներկայումս հանդիսանում է հանրապետության ուսումնական, գիտական և մշակութային կենտրոնը։ Ինչպես Արցախի մայր բուհը, այնպես էլ Աբխազիայի համալսարանն անցել են ծանր ու դժվարին ժամանակաշրջան, և այս առումով նմանությունները շատ են։ Երկուստեք հաղթահարելով հետպատերազմյան դժվարություններն ու խոչընդոտները՝ երկու համալսարանները բռնել են զարգացման ուղին։
Ներկայացնելով Աբխազիա կատարած այցի մանրամասնությունները՝ ԱրՊՀ պրոռեկտոր Արտեմ Աբրահամյանը նշեց, որ այն նաև մեկ այլ նպատակ էր հետապնդում՝ մասնակցել ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի հերթական ամենամյա նիստին։ Նրա խոսքերով՝ ասոցիացիան ձևավորվել է 2007թ. նոյեմբերի 1-ին՝ ինքնորոշված պետությունների (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Աբխազիայի Հանրապետության, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) համալսարանների ռեկտորների մասնակցությամբ տեղի ունեցած հիմնադիր համագումարում։ Կազմակերպության նախագահը Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Բերիլն է, գիտքարտուղարը՝ նույն բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Միխայիլ Կուշակովը։  Ասոցիացիան կոչված է Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ ձևավորել գիտակրթական և մարդասիրական միասնական տարածք։ Նրա առջև դրված խնդիրներից են անդամ համալսարանների միջազգային ուսումնամեթոդական, գիտահետազոտական և համագործակցության այլ ձևերի կազմակերպումը, համալսարանական կրթության և գիտության վարկանիշի բարձրացումը։
Հոբելյանական տոնակատարությունների նախօրեին տեղի է ունեցել ասոցիացիայի երկու նիստ, որոնց ընթացքում քննարկվել են գիտաուսումնական հրատապ հարցեր։ Դրանցից մեկը վերջին մեկ տարում չորս համալսարանների գործունեությունն էր, որի վերաբերյալ հաշվետվություններով հանդես եկան բուհերի ռեկտորները։ <<Մեր բոլոր նիստերն էլ յուրօրինակ հաշվետվություն են. մեկս մյուսին ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը, այն մասին, թե ինչ է արվել նախորդ հանդիպումից հետո։ Նաև նախանշում ու հստակեցնում ենք հետագա անելիքները, փորձ փոխանակում>>,- ասաց պրոռեկտոր Ա. Աբրահամյանը։
Նիստի  հարցերից  մեկը վերաբերում էր համալսարաններում վերջին մեկ տարում տպագրված գրքերին։ ԱրՊՀ պատվիրակությունն իր հետ տարել էր  մայր բուհի մասին պատմող ֆիլմի սկավառակներն ու նոր տպագրված գրականությունից 20 օրինակ, ինչը սպառվել է շատ արագ։  Ինչպես ասաց Ա. Աբրահամյանը, նիստում ընդունված որոշումները դեռևս մշակման փուլում են և կուղարկվեն համագործակցության անդամ համալսարաններին։
Ընդհանուր առմամբ՝ ԱրՊՀ ղեկավարությունը բարձր է գնահատում Աբխազիա կատարած այցը, նաև  երկուստեք արդյունավետ. ասելիք ունեին մասնակից չորս համալսարանների ներկայացուցիչները։ Ինչպես մեզ մոտ, այնպես էլ նրանց մոտ ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրեդիտային համակարգով։ Իսկ քննությունները համակարգչային մեթոդով կազմակերպելու համար Աբխազիայում դեռևս նոր են  աշխատանքներ տարվում, ասաց ԱրՊՀ պրոռեկտորը։ 
Աբխազիայում գտնվելու օրերին ինքնորոշված պետությունների համալսարանների պատվիրակություններին ընդունել է երկրի նախագահը։ Բարձրացված շատ հարցեր ընդհանուր բնույթ էին կրում, ինչն էլ միանգամայն բնական էր չճանաչված պետությունների պարագայում։
ԱրՊՀ պատվիրակությունը եղել է Սուխում և Գագրա քաղաքների հայկական կրթօջախներում, հանդիպել ինչպես ուսուցչական, այնպես էլ աշակերտական կոլեկտիվների հետ, ծանոթացել ուսումնական գործընթացին։ Ա. Աբրահամյանի հավաստմամբ՝  հայ դպրոցականներին առաջարկություն է արվել՝ ավարտելուց գալ և ուսումը շարունակել Արցախի մայր բուհում։ Ցանկություն հայտնողներ, իհարկե, եղել են…
Ինչ վերաբերում է բուհին նվիրված հոբելյանական տոնակատարությանը՝ այս առումով նույնպես տպավորությունները վառ են։ Համեմատական կարգով մի շարք ավանդույթներ դարձյալ նույնն են. թեկուզ այն երևույթը, որ նախքան միջոցառումն սկսելը հարգանքի տուրք է մատուցվում զոհված ազատամարտիկների հիշատակին։ 
Վերջում հավելենք, որ ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի հերթական նիստը տեղի կունենա գալիք տարի՝ Հարավային Օսիայում։