Արցախի պետական համալսարան

Մայիսի 14-ին Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում կայացել է հանդիպում լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս  Նաիրի  Հոխիկյանի, «Արտ Լանչ» ընկերության  հիմնադիր Բակուր Մելքոնյանի  և Idram Payment System-ի համահիմնադիր  Գևորգ Պողոսյանի հետ: Հանդիպմանը  ներկա էին տարբեր  մասնագիտություններից  ուսանողներ:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ոչ ֆորմալ կրթության շրջանակում ուսանողներին գիտելիք, հմտություններ, գաղափարներ փոխանցելու կարևորությունը և շնորհակալություն հայտնել հյուրերին՝ ԱրՊՀ այցելելու, ուսանողության հետ հանդիպելու համար:

            Նաիրի Հոխիկյանը, ով արդեն երկրորդ անգամ է ԱրՊՀ-ում հանդիպում ուսանողության հետ և հանդես գալիս դասախոսությամբ, խոսելով հետպատերազմյան Արցախում և Արցախի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ զարգացումները գնահատել է հիմնականում հուսադրող: Ն. Հոխիկյանը խոսել է նաև «Արարատյան արժեքներ» գաղափարախոսության մասին՝ նշելով. «Գաղափարակից ընկերներիս հետ պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է ազգային գաղափարախոսության ու ազգային արժեքների տարածումը մեր ամբողջ ազգի մեջ՝ ամբողջ Հայկական աշխարհում»։

 Բանախոսներ Նաիրի Հոխիկյանը, Բակուր Մելքոնյանը և Գևորգ Պողոսյանը  ներկայացրել են մեր երկրի և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրենց  մոտեցումներն ու ապագայի տեսլականը՝ Արցախի անվտանգության համար անհրաժեշտ համարելով  հայկական բանակի մշտական գոյությունն ու հզորացումը: Կարևորելով  ցանկացած գործում ազգային նպատակ և արժեք ունենալու հանգամանքը՝ բանախոսները  կիսվել են իրենց անձնական փորձով  և   խորհուրդներով, խոսել ազգային գաղափարներ ունենալու անհրաժեշտության, ազգային բիզնեսի և գործարար ոլորտում գլոբալ նշանակության խնդիրների լուծմամբ ազգային դիրքերը միջազգային հարթակներում ամրապնդելու մասին:

«Մենք պետք է գնահատենք ու պահպանենք այն, ինչ ունենք՝ապրելաձև և կենսակերպ դարձնելով ազգային գաղափարախոսությունը: Հայ լինելը  բոլորիս համար պետք է  պատիվ լինի և հպարտություն»,-նշել է «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը՝ հավելելով, որ առաջիկայում նման հանդիպումները ուսանողության  հետ շարունակական բնույթ կկրեն:

Բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով նրանց հետ համագործակցելու նաև առցանց հարթակներում: