Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում շարունակվում է «Արցախ. ներկան և ապագան» ծրագիրը, որի շրջանակում հունիսի 2-ին ԱրՊՀ են այցելել ԱՀ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը և հանդիպում ունեցել ուսանողության ու դասախոսական կազմի հետ: Հանդիպմանը նրանք հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման իրենց տեսլականները, ուղիները:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը և Վահրամ Բալայանը Արցախի մայր բուհի շրջանավարտներն են, և նրանք 80-ականների այն ակտիվ երիտասարդներից են, ովքեր իրենց նպաստն են բերել Արցախյան շարժմանը և հետո արդեն որպես մասնագետներ՝ մեր պետականաշինության գործին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար Դավիթ Իշխանյանին շնորհել է ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալ և «Արցախի ժողովրդագիտությունը» աշխատության հատորները:
Դավիթ Իշխանյանը, խոսելով պատերազմի հետևանքներից, երկրում ստեղծված խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին՝ նշել է, որ ՀՅԴ-ն համահայկական կառույց է, և աշխարհի բոլոր մասերում ունի իր ներկայացվածությունը, ուստի կուսակցությունն, ի դեմս Հայ դատի կենտրոնական խորհրդի ու նրա ճյուղավորումների, ունի բավարար ներուժ, հնարավորություններ՝ առկա խնդիրներին լուծում տալու համար:
Դավիթ Իշխանյանը, ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, որպես առաջնահերթություն, կարևորել է անվտանգային համակարգի հստակեցումը, քաղաքական-դիվանագիտական աշխատանքները, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային ուղղություններով, երիտասարդության հետ տարվող, տեղեկատվական-քարոզչական աշխատանքները:
Անդրադառնալով ՀՅԴ գործունեության հանդեպ վերջերս շրջանառվող շահարկումներին՝ Դ. Իշխանյանն ընդգծել է, որ ՀՅԴ համար գերակա է երկրի շահը, ժողովրդի շահը և իրենց գործունեության օրակարգում Արցախն է, Արցախի խնդրի լուծումը:
«Դաշնակցության հստակ մոտեցումը հետևյալն է՝ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում մեզ համար անընդունելի է, բացառել անկլավային վիճակ, Արցախը որևէ անկլավային վիճակ չպետք է ունենա, և ՀՀ հետ ունենալ կենսական, ցամաքային կապ: Սրանք սկզբունքներ են, որոնց շուրջ պետք է կառուցենք մեր ընդհանուր քաղաքականությունն ու դիրքորոշումը»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ այս դիրքորոշումը ներկայացվել է ԱՀ և ՀՀ իշխանություններին:
Վահրամ Բալայանն իր խոսքում կարևորել է Արցախի դերը հայոց պատմության զարգացման բոլոր շրջաններում համահայկական խնդիրների լուծման գործում՝ Ավարայրից մինչև Սարդարապատ: Նրա խոսքով՝ այսօր էլ Արցախը պիտի կարողանա իր խոսքը ասել, որպեսզի հայրենիքը շնչի, որպեսզի Արցախը ապրի:
Արթուր Մոսիյանը, խոսելով պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, խնդիրների հաղթահարման գործում կարևորել է նաև երիտասարդության և մտավորականության ներուժը՝ հիշեցնելով Արցախյան շարժման տարիներին մայր բուհի ուսանողության և մտավորականության ցուցաբերած ակտիվությունն ու ներդրումը:
Հանդիպմանը բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին: