Արցախի պետական համալսարան

Հունիսի 16-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել բնագիտական ֆակուլտետի 2020-2021 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, դեկան Վալոդյա Միրզոյանը, ամբիոնների վարիչներ, շրջանավարտներ: 2020-2021 ուստարում ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետը թողարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի 155 շրջանավարտ:

Արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ. ուսանողները  ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում անմահացած  ուսանողների հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմում անմահացած տղաների հիշատակին:

Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ՝  պրոռեկտոր Գ. Սահակյանը մաղթել է հաջողություններ անձնական և աշխատանքային գործունեության ընթացքում:

«Եթե ուսանողական տարիներին դուք գիտելիք ստանալու ճանապարհին աշխատել եք օրվա ընթացքում մի որոշակի ժամանակաշրջան, ապա ավարտելուց հետո ինքնակրթությունը պետք է դարձնեք տևական գործընթաց»,-շրջանավարտներին դիմելով՝ ասել է պրոռեկտորը՝ հետագա դժվարությունների հաղթահարման ընթացքում կարևորելով գիտելիքն ու ինքնակրթությունը:

Բնագիտական ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վալոդյա Միրզոյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծել է, որ լավ մասնագետ դառնալուց բացի, պետք է լինել նաև հայրենիքի համար արժանի քաղաքացիներ և խորհուրդ տվել բոլորին ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել Արցախում:

«Վստահ եմ, որ Արցախի պետական համալսարանը կարողացել է տալ այն անհրաժեշտ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնց շնորհիվ մեր շրջանավարտները դառնալու են աշխատաշուկայի համար պահանջված մասնագետ և իրենց գործունեությամբ նպաստելու են մեր հայրենիքի շենացմանը»,-նշել է Վ. Միրզոյանը:

Շրջանավարտներն իրենց  դիպլոմները ստացել են պրոռեկտորից, ֆակուլտետի դեկանից և ամբիոնների վարիչներից:

«Կենսաբանություն» մասնագիտության մագիստրատուրայի «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» մասնագիտացումը գերազանցությամբ  յուրացրած շրջանավարտ Արփինե Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել դասախոսներին ու մայր բուհին՝ նշելով, որ բուհում ուսումնառության վեց տարիների ընթացքում կարողացել է յուրացնել անհրաժեշտ այն գիտելիքները, որոնց շնորհիվ վստահորեն կարողանալու է մասնագիտական գործունեություն ծավալել:

«Իմ կյանքի լավագույն ժամանակաշրջաններից մեկն անցել է Արցախի պետական համալսարանում, որտեղ  ես և իմ ընկերները կարողացել ենք հաճելին համատեղել օգտակարի հետ՝ արդյունքում ձեռք բերելով լավ ընկերներ և գիտելիքներ»,-նշել է Ա. Յարամիշյանը՝ շնորհավորելով բոլոր շրջանավարտներին:

Բնագիտական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ և արդեն շրջանավարտ Ալիսիա Դադայանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, նշել է, որ բուհն ավարտելով՝ ձեռք են բերել գիտելիքների մի բանալի, որով խելացի աշխատելու դեպքում կկարողանան բացել շատ փակ դռներ:

«Պատերազմից հետո պետք է կարողանանք զինվել լավատեսությամբ,  հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, և շարունակենք ապրել ու աշխատել Արցախում»,-նշել է շրջանավարտ Ա. Դադայանը: