Արցախի պետական համալսարան

Աստղիկ Բաբայանը սովորում է ԱրՊՀ «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 1-ին կուրսում։ Հասարակական կյանքում դրսևորում է բավական մեծ ակտիվություն` մասնակցելով թե՛ համալսարանի, թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

 Նրա ստեղծագործական ներաշխարհում հայրենի եզերքն է: Նա անկեղծ է իր գրվածքներում, հանդգնում է տողի միջոցով գրկել սիրելի հայրենիքը` մի վերջին կարոտով... Եվ հենց այդ կարոտն է, որ երիտասարդ աղջկա ներաշխարհը տակնուվրա է անում։ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ հայրենի գյուղը կորցնելուց հետո նա միայն մտովի է կարողանում քայլել այն ճանապարհներով, որոնք դարձել էին հարազատ ու անչափ սիրելի։ Դեռևս դպրոցական տարիներից է Աստղիկը սկսել գրական առաջին փորձերը։ Գրականության հանդեպ նրա հետաքրքրությունների ապացույցն են ավագ դպրոցի բազմաթիվ ձեռքբերումներ` հայ գրականություն առարկայի օլիմպիադաներից, ասմունքի և շարադրության մրցույթներից։ 2019 թվականին հայ գրականություն առարկայի օլիմպիադայում արժանացել է 1-ին, իսկ 2020 թվականին ` 3-րդ կարգի դիպլոմների։ Հատկապես մեծ է հետաքրքրությունը հայագիտական առարկաների նկատմամբ։ 2019 թվականին հայագիտական 8-րդ օլիմպիադայում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։ Նրա համար գրականությունը ապրելակերպ է։ Ձեզ ենք ներկայացնում Աստղիկ Բաբայանի ստեղծագործություններից.

ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՀԵՏՔԵՐՍ

 Քանի որ մեր ճանապարհին փռված ամեն ինչ հիշեցնում է ամենասուրբ մանկությունն ու դրա ամենանուրբ հուշերը, քանի որ քարերն անգամ բովանդակում են ամենանվիրական նպատակներդ, հասկանում ես, որ միլիոնավոր տարիների ստեղծած ապառաժները կաղապարում են մի ամբողջ ժողովրդի բացակայության հուշը։ Չկան այն քարերը, որոնց կարծրացած մասնիկներում ամփոփված էին իմ մտորումները` մեկը ապագայի պլան, մեկը դժվարությամբ սովորած դասի կրկնողություն, մեկը` որևէ դեպքի մանկամիտ վերլուծություն։ Մեղքս ինչո՞ւ թաքցնեմ, մեկն էլ` անեծք... Իմ ամենօրյա ճամփան այլևս զարդարված չէ այն ամենահարազատ քարերով, որոնք այսօր կարոտ են դարձել։ Բայց դրանք մինչև մարդկության կործանումը իմն են, միայն իմը, անկախ նրանից, թե հիմա ում ճամփի գողացված զարդն են։ Ես գրեցի սա կյանքիս ամենամութ պահերին և միայն գրիչս ինձ օգնեց հաղթահարել հոգուս ծանրացած վիշտը։ Բայց անարդար կլինի ասել, որ սրտիս դարման եղավ միայն մտքերս թղթին տալը. ինձ արմատապես բուժեց հայրենիք վերադառնալս։ Հայրենիքս և գրիչս. եթե կորցնեմ այս երկուսը, կարող եմ համարել, որ այլևս չկամ, եթե կորցնեմ հայրենիքս, ուրեմն անիմաստ է գրիչս։

***

Արեգակիդ վերջին շողին ձուլված լինի,

թե սարերիդ լերկ փեշերին փարված`

Հողիդ ընկած քաջ զինվորի ոգով լինի,

Թե տնանկի վերջին հույսով մարած,

Ես կդառնամ քո երգերի ահեղաձայն շեփորողը,

Քո երկնքի նուրբ կապույտը գովերգողը,

Կլինեմ քո անսանձ քամին` պինդ ծառերին տեղից

պոկող,

Եվ վերջապես`

Մեր երկրային խաղաղության լուռ կերտողը ես

կլինեմ։

Հոգի՜դ դառնամ, ի՛մ հայրենիք,

Եվ ջրերիդ պարզության խառնած սրտով

Քեզ հասցված ամեն զարկից ես էլ զարկվեմ,

Հոգի՜դ դառնամ ու լիանամ

փառքիդ ամեն մի մասնիկից,

Հոգի՜դ դառնամ ու փրկեմ քեզ

Ահեղածին կործանումից,

Հոգիդ դառնամ, ի՜մ հայրենիք

Ամենասուրբ տո՛ւն իմ, տանի՛ք...

Դառնամ հոգիդ…

***

Ու էլի այն ճանապարհը,

Որ ինձ տուն էր տանում,

Ու ճանապարհի նույն ուղեկիցները`

Երկնակարկառ լեռներ, դալար ծառեր

Ու չշտկվող դար ու փոսեր...

Բայց տարբերվող կայարանատեղի...

Պահ կա,

Երբ հոգիդ տագնապում է

Եվ միայն դու գիտես դրա պատճառը

Ու որքան էլ բացատրես ուրիշներին`

Կամ չեն հասկանա, կամ կդատեն։

Ես չգիտեի, որ ճանապարհը կարող է լինել

այսքան խորհրդավոր,

Ես չգիտեի, որ վերջին կայանատեղին

Կարող է սեփական տունդ չլինել։

Ու հիմա շատերը դեռ չգիտեն,

Որ էլ երբեք տուն չտանող ճանապարհը

Կարող է սիրտդ կեղեքել

այն աստիճան,

Որ շունչդ կոկորդիդ դեմ առնի

և դողան ձեռքերդ,

Իսկ համակ երկրագունդը գլխիդ շուրջը անզուգական

պտույտներ տա։

Եվ էլի նույն տանջանքը,

Էլի նույն սպասումը,

Էլի այն նույն ճանապարհը,

Որ ինձ տուն էր տանում,

Նորից հետևում է ինձ,

Նորից հետևում եմ նրան... իմ մեջ։

Ինչպես նահապետ Հայկը կքայլեր

Սեգ Մասիս սարի լանջով ամրակուռ,

Առյուծի նման, առաջնորդաբար,

Քայլում է հպարտ մի զինվոր:

Ճակատին դաջված կոչը պապերի,

Հոգում՝ վիրավոր զինակցի խոսքը,

Նվաճում է նա բարձունքն ամեհի`

Ձեռքերում սեղմած դրոշը հայի։

Առջևում հսկա բարձունքն է լեռան,

Բայց կանգ չի առնում տղան ոգեղեն,

Պատրաստ ենթարկվել ահեղ հողմերին`

Սլանում է նա լանջով անհասնելի։

Գագաթն է հասնում, սրբում քրտինքը,

Շունչ առնում թանձր օդից երկնային,

Փռում հոգնության մասնիկները ու

Ծածանում դրոշն արնագույն,

Որ պահեց, այո, իր արյան գնով…

****

Խաղաղված հոգուս ճշմարիտ հասցեն,

Հպարտությանս դրոշմն առաջին,

շուրթիս աղոթքը ամենաանկեղծ,

Ճիչս մանկական, տենչանքս՝ ուժգին։

Ամենակիզիչ, վառվող արևս,

Լուսե կապույտը` հմայքով նուրբ,

Խոյակերտ լեռան գագաթը ճերմակ

Հոգեկերտվածք մի սուրբ։

Ջրերիդ խառնեմ սրտիս խոյանքը,

Սլանամ դեպ քեզ, իմ տուն...

Երազներիս մեջ որքա՜ն իրական,

Որքա՜ն սիրուն ես դու...