Արցախի պետական համալսարան

Հունիսի 22-ին կայացել է ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական  գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, և  տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Ռեկտորատի որոշմամբ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել է համալսարանում երկարամյա վաստակ ունեցող մի խումբ աշխատակիցների, ովքեր տասնամյակների գործունեության ընթացքում աչքի են ընկել իրենց պատասխանատվությամբ և բարեխիղճ աշխատանքով:

Ռեկտորատի նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, որոնց շուրջ տեղեկատվություն են ներկայացրել ֆակուլտետների դեկանները: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ գործընթացն, ընդհանուր առմամբ, իրականացվել է բնականոն, էական խնդիրներ չեն արձանագրվել:

Օրակարգի հաջորդ հարցով ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը ներկայացրել է տեղեկատվություն ամառային փորձուսուցումների ընթացքի մասին: Ամառային փորձուսուցում են անցնելու պատմության և իրավագիտության, բնագիտական և բանասիրական ֆակուլտետների 10 խմբեր, որոնց համար փորձուսուցման շրջանակում կկազմակերպվի նաև այցելություն Պատարա վարչական համայնքում  գտնվող ԱրՊՀ դպրոց-ճամբար:

Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի ընթացքի մասին տեղեկատվություն է ներկայացրել ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Ի. Խաչատրյանը: Ուսուցման անվճար համակարգի համար փաստաթղթերն ընդունվում են հունիսի 10-ից մինչև հունիսի 30-ը, իսկ վճարովի համակարգի համար՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 14-ը: Քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 20-ը: Բոլոր մասնագիտությունների գծով ուսուցման անվճար համակարգի անցումային շեմ է համարվում 15 միջին որակական գնահատականը, վճարովի համակարգի անցումային շեմ է համարվում 12 միջին որակական գնահատականը:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ներկայացրել է տեղեկատվություն առաջիկա միջոցառումների մասին: Ըստ տեղեկատվության՝ հունիսի 24-ից 26-ը ԱրՊՀ Հոգեբանական կենտրոնը կկազմակերպի հոգեբանական աշխատաժողով, որին կմասնակցեն ԱՀ և ՀՀ ճանաչված հոգեբան մասնագետներ: Օգոստոս ամսվա առաջին տասնօրյակում նախատեսվում է կազմակերպել նաև ԱրՊՀ ամառային միջազգային  դպրոց-ճամբար, որին կմասնակցեն ուսանողներ ԱՀ, ՀՀ և արտերկրի բուհերից:

Ռեկտորատը քննարկել է նաև ուսանողների և դասախոսների դիմումները, և բարձրացված խնդիրների լուծման  շուրջ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին: