Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 26-ին   արջուկս գրկել, հայրիկին բարի գիշեր էի մաղթել  և փորձում էի  քնել։

Մթնկա գիշեր, օդը խեղդող, հոգով անհանգիստ…

Ուղեղս մի կերպ անջատելուց հետո հուժկու պայթյունից, սրտի անհանգիստ թրթիռով վեր կացա տեղից՝ չհասկանալով  ինչ է կատարվում, կանգնել էի և ուզում էի հասկանալ՝ այդ ինչ ձայն է,  և այդ խառնիճաղանջ մտքերս ընդհատեց տատիս ձայնը. «Վայ պատերազմ է, նորից սկսել է...»:

Շփոթահար դուրս եկա տնից և տեսա դիմացի անտառից մխացող ծուխը, դիմացի գյուղը՝մառախուղի մեջ կորած, հարևանների դեմքերը և ընտանիքիս անդամների անհանգիստ և անելանելի վիճակը։

Ես չէի հասկանում պահի լրջությունը (միգուցե չէի ուզում հասկանալ ),մինչև չտեսա հորս համազգեստով։ Հոգուս խորքում  գիտակցում էի, որ պետք է գնա, պետք է պաշտպանի ինձ, ընտանիքս, տունս ու հայրենիքս, սակայն սիրտս ու ուղեղս  չէին ուզում, հենց միայն այն վախը, որ սահմանին իրավիճակը լարված է, ստիպում էր ավելի ամուր գրկել  հայրիկիս և խնդրել, որ չգնա։ Հայրս հանգստացրեց ինձ։ Բացատրեց ,որ պետք է գնա, անհրաժե՛շտ է, պետք է գնա, որ ես  հպարտ քայլեմ, պետք է գնա, որ պաշտպանի հայրենիքս, որ հաղթենք։

Ամբողջ օրվա ընթացքում ինքս ինձ համոզում էի, որ երազ է, շուտով աչքերս կբացեմ,  և ամեն ինչ առաջվա նման կլինի, հայրս էլ կգա։ Ցավոք, ինչքան աչքերս լայն էի բացում, այնքան սիրտս սևանում էր։ Պայթյունի ձայները, գյուղացիների անհանգիստ դեմքերը  ստիպում էին ինձ սթափվել և սպասել։

Սակայն դեպքերը այնպես զարգացան, որ ստիպված պետք է գնայի ՀՀ՝  թողնելով հայրենիքս, հայրական տունս, ընտանիքիս անդամներին, մանկությունս և սիրտս։

Երբ Վերին Հոռաթաղ ցուցանակը մնաս բարով ասաց (որը միշտ բարի գալուստ էր ասում), բացեցի պատուհանը, որպեսզի խորը շնչեմ հայրենի գյուղիս օդը։ Աչքերս չչորացան ոչ մի րոպե, մեքենայի մեջ կատարյալ լռություն էր, փորձում էի մտապահել ամեն քար, ժայռ, ծառ ու թուփ։

 Պատերազմի այդ 44 օրերին, շունչներս պահած սպասում էինք խաղաղության ու հաղթանակի։ Պատերազմի ընթացքում հասկացանք, թե ինչ է կոչվում ցավ, տառապանք, օտարություն, կարոտ, հարազատին կորցնելու վախ։

Կարծում եմ` երբեք չի մոռացվում առաջին հեքիաթը, որ սովորաբար պատմում են տատիկները: Այդ հեքիաթը ամենախորհրդավորն է, ամենագունավորը, ամենասեփականը…

Կզարմանաք, գուցե, որ ասեմ, բայց մանկությանս ամենաանգույն, միևնույն ժամանակ ամենացավոտ և իրական հեքիաթը, որտեղ հաղթեց ոչ թե բարին, այլ՝ չարը՝ 44-օրյա պատերազմն էր՝ իր բոլոր հետևանքներով...

 Երբեք մտքիս ծայրով չէր անցնի ,որ ինքս կհայտնվեմ այդ դժոխային հեքիաթում, մարմնիս վրա կզգամ հայրենիք կորցնելու  ահռելի ցավը։

Շատերը կքննադատեն այս քաոսը հեքիաթ անվանելը, բայց միթե հեքիաթ չէին  այն հայրենասիրական և հերոսական պահերը,  երբ մեր զինվորները, սպաները, կամավորակաները և այն մարդիկ, ովքեր պայքարում էին հանուն հայրենիքի ազատության, այն հերոսական դրվագները, որոնք լսել ու դեռ լսելու էնք։ Հեքիաթ էր......

Հեքիաթումս աշուն էր, սակայն այս անգամ աշունը մեզ ոչ թե տերևաթափ և անձրև տվեց, այլ արցունքներ և անդարձ կորուստներ։

Հույսով ապրում և սպասում  էի, որ մի օր  կարթնանամ և կիմանամ, որ ամեն ինչ ավարտվել է, ինչպես արթնացա և իմացա, որ սկսել է, սպասումներս ապարդյուն , հոգուս ուժեղ տագնապից և այն  տպավորությունից, որ սիրտս ճմռթվեց, աչքերս բացեցի և հասկացա , որ ամեն ինչ վերջացավ ....  

Բայց ոչ թե հպարտ կեցվածքով կանգնած, դեմքի լայն  ու հաղթական ժպիտով գոռալով՝ 

-վերջ...վերջ ...վերջացավ  ,այլ գլխիկոր, հազիվ լսելի ձայնով, որ նույնիսկ շուրթերին չենք կարողանում համոզել  և ստիպել ասել֊՝  վերջացավ պատերազմը այն էլ՝ ցավոտ ու անդառնալի կորուստներով...

 Հայրենիքում վերջացել են փամփուշտները, բայց հոգիս ու սիրտս դեռ կռվում են...

Միգուցե իրար դեմ...

Միգուցե իրար հետ, չգիտեմ, բայց սաստիկ պատերազմ է:

Ես այդպես էլ չգրկեցի խաղաղությունը ու վայր չդրեցի սրտիս զենքերը....

Ես այդպես էլ չկանգնեցի խաղաղության կողքին ու չմեկնեցի ձեռքս՝ իբրև հաղթանակ...իբրև փրկություն....

Ես կանգնեցի պատերազմի կողքին ու նրա հետ քայլեցի՝ խաղաղությանը հակառակ...

Եվ երևի ոչ ոք չառավ խաղաղության կարոտը ու կարոտ մնաց խաղաղության հոտին....

Չէի կարողանում հարմարվել ,ախր ինչպես անցնեմ Շուշիիս մոտով և սահմանափակվեմ հեռվից նայելով, հեռվից զմայլվելով ,չէի պատկերացնում, ուզում էի մտածել , որ մղձավանջ է ...

Վերադարձա հայրենիք այն ակնկալիքով, որ  ինչպես թողել եմ հայրենիքս, այնպես էլ կընդունեմ։

Ախ, ցավոք…

Անցա Շուշիիս մոտով և սահմանափակվեցի հեռվից նայելով  ու հասկացա, որ էս լեն ու բոլ աշխարհի մեզ բաժին հասած ինչ-որ փոքր մասում հողը ցավում է որդուն երկնքին տված մոր սրտի պես։

Եկա մայրաքաղաքս և ամեն տեղ փնտրում էի  Շուշիի կապույտ ավտոբուսը, որը ինձ միշտ տուն էր հասցնում։ Հույս ունեի՝ գոնե ավտոբուսը ինձ տուն կտանի: Թուլացել են նյարդերս, այլևս պայքարելու ուժ չունեմ։ Որոնում եմ հանգիստ, բայց չեմ գտնում, փափագում եմ հեռու մնալ, չեմ կարողանում։ Փորձում եմ հասկանալ՝ իմ ամբողջ կյանքս ում եմ պարտական, ոնց գտնեմ շիրիմը  այն անծանոթի, գուցեև ծանոթի, որ զոհվել է ինձ համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մեր կյանքը կտրուկ փոխվեց, մենք փոխվեցինք ու երբեք էլ առաջվանը չենք լինի, կապրենք  մեր երիտասարդ սերնդի  կորստի ցավը սրտներումս, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեզ համար։

2020 թվականը ինձ ավելի շատ կորուստներ տվեց, քան ձեռքբերումներ։ 2020 թվականը թող գնա և այլևս ծովից ծով անարդարությունը փոխվի ծովից ծով հայրենիքի։ Պետք է ընկնել հանուն հայրենիքի, պայքարել հանուն հայ մնալու, հանուն խաղաղության, հանուն ազատության։ ԱՆցյալը ցավոտ է, ներկան՝ վիրավոր, ապագան՝ ապրելու և հայ մնալու պայքար։

Սվետլանա Պետրոսյան, լրագրություն 2-րդ կուրս