Արցախի պետական համալսարան

  Հայրենիք-զավակ կապը երբեմն այնքան  է անքակտելի դառնում, որ մեկի  գոյությունը պարզապես պայմանավորվում է մյուսով, և մեկը մյուսի կարիքը մշտապես զգում է։ Այո, հայրենիքը միշտ զգում է իր նվիրյալ  զավակների կարիքը: Նվիրյալներ, ովքեր իրենց կյանքն անգամ չխնայեցին հայնուն հայրենիքի: Եվ նրանց շնորհիվ է, որ այսօր ունենք սուրբ նշխար դարձած հայրենիք: Արմենն  այդ տղաներից մեկն էր, ում կարիքը հայրենիքը զգում էր, ով պատրաստվել էր նույնիսկ հրամանատարին խնդրել իրեն Արցախի ռազմաճակատ տեղափոխելու համար։

Արմեն Էդգարի Մարտիրոսյանը  ծնվել  է  2001 թ.  հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Արգել  գյուղում։ Իր ծառայությունը  սկսվել էր 2020 թ. հունվարի 17-ին ։ Ծառայում էր Տավուշի մարզի Իջևանի զորամասում։ Արմենն  ինքնին  յուրահատուկ մի անձնավորություն էր , պատանի ՝ ում համար հայրենիքն ու ընկերները մի ուրիշ հասկացողություն էին։ Նա հայրենի  հողի  կանչը զգում  էր  մարմնի ամբողջ բջիջներով,  իսկ ընկերների կողքին չլինել պարզապես  չէր կարող։

          Հավատարիմ, պարզ  ու  ժպտերես ՝ այսպես է բնութագրում  նրան  քույրը՝ Լիլիթը։ Լիլիթի խոսքով՝  Արմենն ամեն  ինչով  հետաքրքրված  պատանի էր, հարևանների  տեխնիկական սարքերն ինքն էր  նորոգում, «Իր մասնագիտության վարպետն էր» ,-ասում է նա։ Լիլիթը պատմում  է, որ ամեն անգամ տուն զանգելիս  նոր նպատակներից էր  խոսում ու ասում, որ հենց բանակից գա տուն, բոլորը  հերթով  իրագործելու է։ Քույրը արցունքն աչքերին ասում  է, որ եթե եղբոր հետ խոսելու գեթ մեկ հնարավորություն ունենար, ապա կասեր, որ կարոտել է։ Կարոտել է ձայնին, ժպիտին ու իր կարիքն ամենից շատն է զգում։ Մոր ՝ Վարդուհու  համար  Արմենն  անթերի  է, նա քաջ գիտակցում է  որդու անսահման  բարության ու սխրանքի կարևորության աստիճանը։ Լիլիթի պատմելով  մայրը Արմենի   կոշիկները  խնամքով  փաթեթավորել, օծանելիքները հավաքել  և դրել է նրա դարակում, այն,  ինչ Արմենինն է, ոչ ոք իրենից բացի չպետք է դիպչի։ Ամեն օր գրկում է որդու հագուստը, անսահմանորեն ընկղմվում  նրա բույրի մեջ, կարոտն առնելու ուղիներ փնտրում, սակայն  գիտի , որ որդու կարոտը միայն Մատաղիսի դիրքերից կառնի, այնտեղ է սավառնում  իր հերոսի արծիվ ոգին ։

Արմենի մարտական ընկերոջ ՝  Միքայելի հետ զրուցելիս նա հպարտությամբ  պատմում  է իր «Պոնչ»-ի մասին։ Իր աչքերի առջև է ընկերը  Արցախ մեկնելու միջոցներ փնտրել և հենց Արցախում էլ խիզախորեն կատարել մարտական առաջադրանքներ, ասում էր ՝  իմ ընկերներն Արցախում, ես ինչպե՞ս կարող եմ այստեղ լինել։  Ընկերներին ժպիտ պարգևողը Արմենն էր, թե մեկը տխուր էր, ապա ամեն ինչ կաներ այդ տխրությունն ուրախության վերածելու համար։  Հոկտեմբերի 7-ին Արմենն իր տարեդարձը անցկացրեց ընկերների հետ, ռազմաճակատում  կանգնած,  մարտական առաջադրանք կատարելով։

 Հոկտեմբերի 13-ն էր։ Նա կանգնած էր արկերի մոտ , հմտորեն կատարում էր իրեն տրվող հրամաններն ու աչալրջորեն սպասում  յուրաքանչյուր «կրա՛կ» հրամանին ։ Հանկարծ թշնամու կրակի ձայնը լսելի դարձավ բոլորի համար, ամեն ինչ վայրկենապես վերածվեց ծխի ու մրի։

       Միքայելն անմխիթար ցավը սրտում պահում է ընկերոջ վերջին հայացքը․

-  Պոնչն ամբողջությամբ գրկիս մեջ էր ընկղմված, սրտի զարկերը թույլ էին և գնալով էլ ավելի էին թուլանում։  Մի պահ զարկերը դադարեցին ․․․շոյում էի գլուխը, գոռում ․

-Պո՜ նչ ․․․ խոսա ․․․ խնդրում եմ  ․․․ խոսա Արմե՜նս․․․Պո՜նչ ․․․

Աչքերը թույլ  բացեց , հայացք ձգեց աչքերիս  ու մի կերպ  արտաբերեց մի բառ ․

-Ասա ․․․

- ․․․ու  նրբորեն փակվեցին նրա աչքերը  ․․․ Հերոս ընկերս անմահացավ  իմ ձեռքերի մեջ ։

Արմենի արծիվ հոգին իր Արցախի գրկում է ՝ Մատաղիսի մատույցներում ․․․

Լանա Համբարձումյան , լրագրություն 2-րդ կուրս