Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 20-ից 23-ը ԱՀ Ազգային ժողովի, ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ  կազմակերպվում է միջազգային գիտաժողով ՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին: Գիտաժողովի լիագումար նիստը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին  ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում, որից հետո աշխատանքները շարունակվել են մասնախմբերում: Գիտաժողովի մասնախմբային նիստ է կայացել նաև Արցախի պետական համալսարանում, որին ներկա էին նաև բուհի ուսանողներ: Մասնախմբային նիստը  նախագահել են ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և ԱրՊՀ  պատմության և իրավագիտության ամբիոնի ավագ դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, որոնք վերաբերում էին ԱՀ և ՀՀ պատմությանն ու մշակույթին:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը  ներկայացրել է Արցախի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքներն անկախության տարիներին և խոսել ներկա  մարտահրավերների մասին:

            «Այսօր մենք փորձում ենք տարբեր միջոցներով պահպանել և պաշտպանել  Արցախի մշակութային ժառանգությունը  և այդ միջոցներից մեկն էլ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախագիծն է»,- նշել է Հ. Պետրոսյանը:

            Անկախության տարիներին Արցախի գրական կյանքի մասին խոսել է ՀՀ ԳԱԱ, պատմության ինստիտուտի աշխատող, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ում խոսքով Արցախի գրողների միությունը առայսօր էլ շարունակում է մեծածավալ  գործունեություն  ծավալել:

Զեկույցներով հանդես են եկել նաև ՌԴ Պետերբուրգի հայ համայնքի նախագահի տեղակալ Վահան Բաբախանյանը, ՀՀ ԳԱԱ Նոր պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.  Հասմիկ Ամիրջանյանը, ԱրՊՀ ավագ դասախոս  Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան-հուշարձանագետ Սլավա Սարգսյանը:

 Միջազգային գիտաժողովի աշխատանքներն ամփոփվելու են սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում: