Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 21-ին Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ. Հենզել Մանուչարյանը: Նախքան դասախոսության մեկնարկը՝ Հ. Մանուչարյանը  հանդիպել է համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ:  Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նրան՝ ԱրՊՀ այցելելու և Արցախի մայր բուհի հետ համագործակցելու,  ուսումնամեթոդական աջակցություն ցուցաբերելու համար:

Պատմության և իրավագիտության, ինչպես նաև բանասիրական ֆակուլտետների ուսանողության համար հանդես գալով «Արցախի հարցը միջազգային իրավունքի համատեքստում» խորագրով դասախոսությամբ՝ բանախոսը անդրադարձել է  ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներին, ներկայացրել առկա խնդիրների լուծման իր տեսակետը:

             Հենզել Մանուչարյանի խոսքով՝ թեման արդիական հնչեղություն և կենսական նշանակություն ունի, քանի որ Արցախում այսօր ունենք նաև տարածքային ամբողջականության խնդիր:

            «Մեր ժողովուրդը ճգնաժամային պահեր շատ է ապրել և նման իրավիճակներից դուրս գալու համար մենք պետք է համախմբվենք և միասնական լինենք»,- նշել է Հ. Մանուչարյանը՝ հավելելով, որ Արցախը բոլորիս հայրենիքն է և Արցախի առջև ծառացած խնդիրները ևս բոլորիս խնդիրներն են: Ըստ նրա՝ առկա խնդիրների լուծման համար կարևոր է մեր ժողովրդի միասնական լինելն ու համախմբվածությունը:

            Դասախոսության ընթացքում ուսանողները բանախոսին են հղել իրենց հուզող հարցերն ու ծավալել ակտիվ քննարկում: