Արցախի պետական համալսարան

Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում Արցախի պետական համալսարան է այցելել Ղրիմի դաշնային համալսարանի պրոֆեսոր, փ.գ.դ., փիլիսոփայության ֆակուլտետի դեկան  Օլեգ  Գաբրիելյանը և ԱրՊՀ ուսանողության համար հանդես եկել դասախոսությամբ:

Նախքան դասախոսության մեկնարկը՝ պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը հանդիպել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են կրթությանն ու գիտությանը վերաբերող, հետագա համագործակցությունն ուղենշող հարցեր: Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Օլեգ Գաբրիելյանին՝ ԱրՊՀ այցելելու համար՝ կարևորելով սփյուռքահայության դերն ու ներդրումը հայրենիքի զարգացման գործում: Իր հերթին Օլեգ Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցության և ԱրՊՀ-ին ուսումնամեթոդական աջակցություն ցուցաբերելու գործում՝ կարևորելով Սփյուռքի կենսունակության պահպանման հարցում հայրենիքի հետ մշտական կապի մեջ գտնվելը:

Պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը ԱրՊՀ պատմության և իրավագիտության, ինչպես նաև բանասիրական ֆակուլտետի ուսանողության համար հանդես է եկել բարձրագույն կրթության զարգացման միտումներին վերաբերող թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում նա անդրադարձել է բարձրագույն կրթության արդիական խնդիրներին, կրթության հետ կապված հումանիտար-սոցիալական, ինժեներական, ՏՏ ոլորտներին, տեղեկատվական պատերազմներին:

Խոսելով   տեխնոլոգիական առաջընթացին համաքայլ կրթություն ունենալու անհրաժեշտությունից՝ նա կարևորել է երիտասարդության ներուժը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդն աչքի է ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաներից հմտորեն օգտվելու կարողություններով, իսկ ավագ սերունդը՝   գիտելիքով ու փորձով:

«Շատ կարևոր է  երիտասարդ և ավագ սերունդների ունեցած առավելությունների համադրումը արդյունավետության հասնելու համար»,-ընդգծել է Օլեգ Գաբրիելյանը:

Բանախոսը պատասխանել է նաև ուսանողների հարցերին: