Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 22-ին ԱրՊՀ և ԱՀ ՊԲ համատեղությամբ  Պաշտպանության բանակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվան: «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները և կանխարգելման ուղիները» թեմայով գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էին միավորումների, զորամասերի, գումարտակների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, հոգևոր սպասավորներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ԱրՊՀ  դասախոսներ, հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես գալով ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ գնդապետ Նորայր Մկրտչյանը՝ խնդիրը բնութագրել է որպես ժամանակակից աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկը և կարևորել նման ձևաչափով գործնական պարապմունքները` փորձի փոխանակման, ոլորտում առկա համանման խնդիրներն առավել արդյունավետորեն լուծելու տեսանկյունից:

Թեմային առնչվող ելույթներով հանդես են եկել Արցախի պետական համալսարանի ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, հոգեբանության դասախոս Արմինե Ալոյանը, Պաշտպանության բանակի և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց վերլուծություններն ու առաջարկությունները:

Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը կարևորել է Պաշտպանության բանակի ներկայացուցիչների և հոգեբան-մասնագետների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը:

Իր հերթին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ԱրՊՀ անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցության շարունակականության, անհրաժեշտության դեպքում նաև՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում: