Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 23-ին կայացել է Արցախի պետական համալսարանի 2021-2022 ուստարվա թվով 340 առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի ղեկավար կազմը, ուսանողներ և հյուրեր:

Երդման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոս տղաների:

                ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, շնորհավորել է նրանց բուհ ընդունվելու կապակցությամբ՝ նշելով.

«Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց պետք է  լավատեսությամբ նայենք առաջ: Մաղթում եմ, որպեսզի  Ձեզ  ընձեռված ժամանակը օգտագործեք լավագույնս արդյունավետ՝ գիտելիք ստանալն ու զարգանալը դարձնելով գերնպատակ»:

                Երդման տեքստն ընթերցելու պատիվն այս տարի վերապահված էր տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Վարդանյանին, ով իր և բոլոր առաջին կուրսեցիների անունից երդվեց  «վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:

Ուսանողներին ողջույնի և շնորհավորանքի խոսք է հղել նաև ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ.Յարամիշյանը.

                «Դուք երդվեցիք բարձր պահել ուսումնառության և ակտիվության դրոշը:  Ցավոք, մեզ հետ այդ նույնը կարող էին երդվել մեր հերոս տղաները: Եկեք այսօր հնչեցրած երդումը պահենք մեր հոգում և հավատանք, որ ամեն ինչ դեռ առջևում է՝ մեր հաջողությունները, մեր ձեռքբերումները, մեր համալսարանի պատիվը և Ձեր լուսավոր ապագան»,- իր խոսքում նշել է Վ.Յարամիշյանը՝ հավելելով, որ առաջադիմության, ակտիվության, համախմբվածության և կազմակերպվածության շնորհիվ կհասնենք մեր առջև դրված բոլոր նպատակներին:

                Առաջին կուրսեցիներին շնորհավորանքի խոսք է հղել նաև 2020-2021 ուս. տարվա շրջանավարտ Ինեսսա Առուստամյանը, ով շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ դասախոսական կազմին՝ ուսումնառության տարիներին անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ստանալու համար:

                «Պատերազմը մեզ դարձրեց ավելի ուժեղ: Մենք պարտավոր ենք ապրել ու արարել Արցախում՝ մեր ստացած գիտելիքները  ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու շենացմանը»,-  նշել է Ի. Առուստամյանը՝ առաջին կուրսեցիներին մաղթելով ուսումնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ:

Ընդունելության  արդյունքներով  ամենաբարձր  միավորներ վաստակած առաջին կուրսեցիներն ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները  ստացել են ԱրՊՀ ռեկտոր Ա.Սարգսյանի, պրոռեկտորներ Վ.Յարամիշյանի և Վ. Ավանեսյանի կողմից: