Արցախի պետական համալսարան

Լույս է տեսել ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՆԶՊ 2-րդ կուրսի ուսանողուհի Արևիկ Սայիյանի «Երկրի արևը» խորագրով գիրքը: Գիրքը հեղինակի նվիրական զգացումների ամբողջությունն է՝ ծնված ցավից, կորստից և սպասումից: Բանաստեղծություն-խոստովանությունների հասցեատերերը նահատակ տղաներն են: Ամեն տող սպասումի հույս է: Ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից մի քանիսը.

Դու գնացիր…

Էլ չես գալու…

Ա՜խ, երանի գեթ մեկ անգամ

Տեսնեմ պատկերդ աննման,

Լսեմ ձայնդ ուրախ, զվարթ

Ու հայացքդ տեսնեմ հանդարտ։

Հավերժ ձուլվել ես մայր հողին

Չես կարող գալ,

Ա՜խ, այդ բառը, որ մտել է հոգուս խորքը

Ու փորձում է սրտիս հաղթել…

Ասում են, որ չկա՛ս, չե՛ս գա,

Իսկ ես գիտեմ, թեկուզ երազ,

Բայց դու մի օր հաստատ կգաս։

 

*****

ԵՐԿԻՆՔԸ ԽԼԵՑ ԱՐԵՒՆԵՐԻՆ

Հազարավոր արևներ ունենք

հիմա մենք երկնքում ,

Թեև մեկ արևն էլ բավական էր,

Երկի՛րը արևների պակաս ունի

Ետ ուղարկիր մեր արևներին, երկի՛նք։

*****

ՈՒ՞Ր ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ

Երկնքից արյուն է ծորում,

Ու՞ր եք, տղե՛րք,

Չկաք դուք։

Աչքերիցս արյուն է ծորում,

Չկաք տղե՛րք,

Չեք գալու։

Սրտիցս արյուն է հոսում,

Չկամ, տղե՛րք,

Չեմ շնչում։

Ազգս արյունի մեջ է լողում,

Ու՞ր եք, տղե՛րք,

Չե՞ք գալու։

Արյան ծովում կխեղդվե՞նք։

.…………………….……

Կգան տղերքը կգան,

Նոր արծիվներ կծնվեն։