Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 24-ից 25-ը Արցախի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ  Աղվերանում կազմակերպված միջբուհական դատախաղին՝ նվիրված քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին: Արցախի պետական համալսարանի թիմը ներկայացրել են «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Արաքսյա Հայրապետյանը, Սամվել Ներսիսյանը և Պարույր Մարտիրոսյանը: Թիմի մարզիչն էր Արցախի և Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ռոման Երիցյանը:

Դատախաղում ժյուրիի  կազմում էին ՀՀ վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովսեփ Սարգսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը և Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը:

Դատախաղին մասնակցության հայտ են ներկայացրել երեքական անդամներից բաղկացած տաս թիմ, սակայն գրավոր փուլը հաղթահարել էին ԵՊՀ-ն, ԱրՊՀ-ն, Հայաստանում Ֆրանսիական, Հայ-ռուսական համալսարանները և ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ներկայացնող մեկական թիմեր։

Դատախաղի արդյունքներով՝ «Լավագույն հռետոր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմի ներկայացուցիչ Արաքսյա Հայրապետյանը: Ժյուրիի անդամների խոսքով՝ «Ամենագնահատելին Արցախի պետական համալսարանի մասնակցությունն էր»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ողջունելով մասնակից բոլոր թիմերին, նշանավորեց Արցախի պետական համալսարանը ներկայացնող թիմի մասնակցությունը:

 «Մենք մեծ հպարտություն ենք ապրում և հուզվում: Դուք այն ուժեղ ուսանողներն եք, որ հետագայում համալրելու եք մասնագիտական մեր համայնքը»,-նշել է Ա. Թաթոյանը՝ հավելելով, որ իրավական հանրության շրջանում մեծ մասսայականություն վայելող դատախաղ-մրցույթը հեղինակավոր է, քանի որ  այն առաջին հնարավորությունն է, որը տրվում է ուսանողներին՝ պատկերացում կազմելու իրական գործնական կյանքի վերաբերյալ, կիրառելու բուհում ստացած տեսական գիտելիքները, շփվելու և նոր գիտելիքներ ստանալու ոլորտի առաջատար մասնագետներից:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Ա. Ղազինյանի խոսքով՝ պատահական չէ, որ անկախ իրավիճակից՝ հայաստանյան շատ բուհերի ներկայացուցիչներ մասնակցում են այս դատախաղին, որը տալիս է լուրջ փորձառություն, նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ, և որի արդյունքում ձևավորվում են փոխադարձ կապեր տարբեր բուհերի ուսանողների միջև:

 ՀՀ վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Վազգեն Ռշտունին, ով ժյուրիի նախագահն էր, նշեց, որ երկօրյա միջոցառումն արդյունավետ էր ոչ միայն երիտասարդների հետ շփվելու տեսանկյունից, այլև մասնագիտական, քանի որ շատ հարցեր մտածելու, քննարկելու առիթներ են տվել՝ կարևորելով այն հանգամանքը, որ թիմերի ներկայացուցիչների միջև մրցակցությունը դրսևորվել է միայն խաղերի ժամանակ, իսկ դրանցից դուրս ձևավորվել են բարիդրացիական հարաբերություններ:

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի, Հարավարևելյան Եվրոպայի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, որն իր համերկրացի գործընկերների հետ միջոցառմանը հետևում էր առցանց, հույս հայտնեց, որ բոլոր թիմերը շատ հարուստ փորձ ձեռք բերեցին դատախաղի արդյունքում, և ցանկացավ, որ մասնակից ուսանողները ստացած գիտելիքներով հետագայում օգտակար լինեն իրենց պետությանը: Նրա խոսքով՝ ապագան երիտասարդների ձեռքերում է, իսկ միջոցառումն էլ փաստեց, որ ճիշտ ձեռքերում է. «Այստեղից բոլորդ հաղթանակած եք վերադառնում տուն»,-նշել է նա:

Դատախաղի մասնակից Պ. Մարտիրոսյանը, իր գոհունակությունը հայտնելով  կազմակերպիչներից, նշել է. «Դատախաղին մասնակցելով՝ ես հնարավորություն ունեցա պաշտպանական ու մեղադրական կողմի դերերի միջոցով մասնակցելու դատական գործընթացին և այդ գործնական փորձառության շնորհիվ ձեռք բերեցի մասնագիտական նոր գիտելիքներ ու հմտություններ: Շնորհակալ եմ թիմի մարզիչ Ռոման Երիցյանին, ԱՀ գլխավոր դատախազ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Գուրգեն Ներսիսյանին, իրավունքի ամբիոնի բոլոր դասախոսներին՝ հսկայական աշխատանք կատարելու ու աջակցելու համար»:

            Խաղի մասնակիցներն ու թիմի մարզիչը արժանացել են հավաստագրերի: