Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, տեղեկացրել է, որ ԱրՊՀ գիտխորհրդի երաշխավորությամբ լույս է  տեսել «Լեռնային Ղարաբաղի էթնոգրաֆիա» (``Этнография Нагорного Карабаха``) ռուսալեզու գիրքը՝ նվիրված Արցախում տեղակայված ՌԴ  խաղաղապահ զորակազմին:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը գրքի մեկ օրինակ նվիրեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանին:

Նիստի օրակարգի առաջին հարցով ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, ֆակուլտետների դեկանները և ՈԱԿ վարիչը ներկայացրել են տեղեկատվություն ուսումնական գործընթացի ընթացքի մասին:  Համաձայն տեղեկատվության՝ ուսումնական գործընթացն ընթանում է բնականոն հունով, հաստատված են դասացուցակները, դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածությունները, բոլոր կրթական ծրագրերով հիմնականում առկա են դասախոսությունների փաթեթները, դասընթացների առարկայական նկարագրերը, լսարանների բաշխման հարցը լուծված է, կատարվում է ուսումնական գործընթացի ամենօրյա վերահսկողություն, հաճախումների մշտադիտարկում, դասատապալումներ հիմնականում չեն արձանագրվել:

ՈԱԿ վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանի տեղեկատվության համաձայն՝ Classroom | Google for Education հարթակի ներդրումը ԱրՊՀ-ում զգալիորեն նպաստել է ուսուցման արդյունավետության բարձրացմանը, ինչը հնարավորություն է ընձեռում ավանդական եղանակի ուսուցմանը համադրել նաև առցանց ու հիբրիդային եղանակները:

Գիտխորհուրդը հաստատել է նաև ռեկտորատի առաջարկությունը՝ փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանին և լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, բ.գ. թ., պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ԱրՊՀ «Պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում, իսկ մ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատրյանին՝ ԱրՊՀ «Ոսկե մեդալ» շնորհելու մասին հարցը:

2021-2022 ուսումնական տարվա առաջին ընթացիկ ստուգումների նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությամբ հանդես է եկել պրոռեկտոր Սահակյանը՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարելով կատարել անհրաժեշտ աշխատանքները գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Գիտխորհուրդը հաջորդիվ լսել է 2020-2021 ուսումնական տարվա հաշվետվությունների  կազմակերպման և ՀՀ պետական բուհերի հետ համագործակցության պայմանագրերի կնքման մասին հարցերը: