Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ու բանասիրական ֆակուլտետների շուրջ 140 առաջին կուրսեցիներ ու դասախոսներ այցելել են Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այցելությունը կազմակերպվել էր «Ճանաչիր Արցախը» պատմաճանաչողական արշավների ծրագրի շրջանակներում։ Օրը նշանավորվեց նաև նրանով, որ ուսանողները պատմական այդ վայրում ստացան իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմներում անմահացած մեր հերոս տղաների։

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է առաջին կուրսեցիներին ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը պատմական վայրում ստանալու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ խորհրդանշական այս օրը կմնա Ձեր հիշողության մեջ: Դուք բարձր կպահեք հայ ազգի ամենաբարձր արժեքները` ինչպիսիք են գիրը, դպրությունը, կրթությունը և հավատը»,- նշել է Վ. Յարամիշյանը` հավելելով, որ բոլորս պետք է ուժեղ լինենք և մեր գիտելիքներով ու հավատով շարժվենք առաջ:
ՈՒսանողներին շնորհավորանքի խոսք է հղել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը` կարևորելով օրվա խորհուրդն ու միջոցառման անցկացման վայրը:
«Պատերազմից մեկ տարի է անցել, և այսօր մենք գտնվում ենք Արցախ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկում: Մեր ներկայությամբ աշխարհին հավաստիացնում ենք, որ մենք կանք, և կյանքն Արցախում շարունակվում է: Թող բոլորիս առաքելությունը` հանուն մեր վիրավոր երկրի ապաքինման, լինի կրթություն ու գիտելիք ստանալը»,- նշել է նա:
Բանասիրական ֆակուլտետի դեկան Լ. Մարգարյանը ևս շնորհավորել է առաջին կուրսեցիներին` նշելով, որ բոլորիս պարտքն է ապրել և արարել այս հողում, որպեսզի այն ևս շարունակի ապրել մեզանով:
«Մեզ ուժ ու կամք է պետք, և սա նաև երկնքի հանձնարարականն է: Եթե մենք այսօր այստեղ ենք, ուրեմն եկել ենք վերահաստատելու, որ անդավաճան ենք մեր գոյության գրավական ակունքներին` գրին ու հավատին»,- իր խոսքում հավելել է Լ.Մարգարյանը:
ՈՒսանողներին շնորհավորանքի խոսքեր են հղել նաև ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ի. Համբարձումյանն ու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի կուրսղեկ Զ. Բալայանը` դասախոսական կազմի անունից նշելով, որ համալսարանական տարիներին իրենց բոլոր ձեռքբերումների ընթացքում աջակից և խորհրդատու կլինեն:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աննա Ալթունյանը կիսվել է օրվա հետ կապված իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառման կազմակերպման և իրականացման համար:
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, հոգատարության և այսքան դրական էներգիա հաղորդելու համար: Ես սպասվածից ավելին ստացա և հույս ունեմ, որ որպես առաջին կուրսի ուսանողուհի կարդարացնեմ դասախոսական կազմի և բոլորի սպասելիքները»,- նշել է Ա.Ալթունյանը:
«Կյանքում կան ակնթարթներ, որոնք հավերժ դաջվում են մեր հիշողության ծալքերում: Այս օրը ևս լի էր նման ակնթարթներով: Մեզ` երիտասարդներիս, մեծ եռանդ և իմաստություն եմ մաղթում ապագայի քարերը ամուր դնելու և կարևորն անկարևորից տարբերելու համար»,- նշել է «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աննա Նարիմանյանը:
Ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստանալուց հետո ուսանողները շրջայց են կատարել նաև Գանձասարի Մ. Մաշտոցի անվան մատենադարանում, ապա իրենց ժամանցն անցկացրել բնության գրկում` կիսվելով հետաքրքիր գաղափարներով և տպավորություններով: