Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոն օրվա կապակցությամբ, Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ԱՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ:

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած ուսուցիչների:

Ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, ողջունելի է համարել նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը:

«Սիրելի ուսուցիչներ, դուք յուրաքանչյուր օր, պատասխանատվության մեծ զգացումով եք մոտենում  Ձեր գործին՝ մանկավարժի բարձր կոչմանը: Ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրում եք երեխաների կրթության ու դաստիարակության սուրբ գործին»,- նշել է Վ.Միրզոյանը՝ հավելելով, որ ուսուցչի տոն օրը մի յուրահատուկ առիթ է գնահատելու  և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում:

Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Գ.Պետրոսյանը, ոջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և ներկայանալու համար՝ կարևորելով նաև բուհ-դպրոց կապի ամրապնդման գործառույթը:

«Շնորհավորում եմ բոլոր կայացած և կրթության ոլորտում մեծարժեք աշխատանք իրականացրած, ինչպես նաև ապագա ուսուցիչներին՝ մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ»,- նշել է Գ.Պետրոսյանը՝ հավելելով, որ միջոցառման իրականացման նպատակն էր ևս մեկ անգամ արժևորելու ուսուցչի կատարած անմնացորդ աշխատանքն ու նվիրվածությունը::

Հանդիպման ընթացքում հանրակրթական դպրոցների ուսուցիչները պատմել են իրենց անցած ուղու և մասնագիտական հաջողությունների մասին՝ նշելով, որ ուսուցչի  կատարած գործը առաքելություն է և արժանի գնահատանքի:

Միջոցառումն ամփոփվել է ուսանողների ասմունքով: