Արցախի պետական համալսարան
Սիրելի’ մանկավարժներ, գործընկերներ
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Մանկավարժի աշխատանքը առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում իր ընտրած բնագավառին:
Մեծ է ձեր ներդրումը սերունդների կրթության եւ դաստիարակության գործում։ Արցախը այսօր ապրում է նաեւ ձեր շնորհիվ, ձեր սերմանած արժեքների շնորհիվ։ Արցախյան պատերազմներում մեր մանկավարժական բանակը չվարանեց՝ գրիչը փոխարինելու զենքով։ Ցավոք, ունեցանք նաեւ հավերժի ճամփորդ դարձած ուսուցիչներ։ Հավերժ փառք ու պատիվ նրանց։
Այսօր ԱրՊՀ-ն, հիրավի, հպարտանալու առիթներ շատ ունի իր շրջանավարտներով, ովքեր համալրել ու շարունակում են համալրել մանկավարժների մատյան գունդը՝ մեր երկրի հոգեւոր տարածքների նվիրյալ զինվորների շարքերը։
Պատերազմից հետո Արցախը ապրեցնելու, կորուստներից կորացած մեջքը ուղղելու բարդ ու պատասխանատու գործում ևս մեծ է մանկավարժի դերը: Ձեր յուրաքանչյուր խոսք ու միտք այսօր կարող է բախտորոշ լինել ձեր առջև նստած ուսանողի, աշակերտի համար: Հավատում եմ ձեր՝ մանկավարժի իմաստուն տեսակին և վստահ եմ, որ դուք այսուհետ ևս գործելու եք ի շահ մեր երկրի հարատևման: Մաղթում եմ խաղաղ երկինք, նորանոր հաջողություններ անձնական եւ աշխատանքային կյանքում՝ ի բարօրություն մեր հայրենիքի։