Հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է բուհի բոլոր կուրսերի ավագների հետ: Հանդիպմանը ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և ուսանողական ինքնավար կառույցների նախագահները:
Հանդիպման նպատակն էր ուսանողներից լսելու և քննարկելու ուսումնական տարվա ընթացիկ այն հարցերն ու առաջարկությունները, որոնք բխում են ուսանողության շահերից և որոնք նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը։
Ռեկտորը ուսանողներին իրազեկել է հետպատերազմյան խնդիրների և դրանց լուծման ուղիների, ուսումնական գործընթացի բարելավման և այլ առանցքային ուղղություններով բուհում իրականացվող աշխատանքների մասին՝ կարևորելով ուսանողների ակադեմիական փոխանակության, միջազգային գիտակրթական ծրագրերին ինտեգրվելու փաստը։
«Բարեբախտաբար մենք կարողացանք հաղթահարել հետպատերազմյան հիմնական դժվարությունները: Փորձը ցույց տվեց, որ 2020թ. դեկտեմբերին ավանդական եղանակով պարապմունքների անցկացման որոշումը ճիշտ և տեղին էր»,- նշել է ռեկտոր Ա. Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև բոլոր ուսանողներին բուհի կայացրած որոշումներին ըմբռնումով մոտենալու համար:
Ռեկտորի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են նաև արտալսարանային միջոցառումների կազմակերպումը՝ ուղղված ուսանողական կյանքի աշխուժացմանը: Շարունակական բնույթ կկրի «Ճանաչիր Արցախը» պատմաճանաչողական արշավների ծրագիրը:
Ռեկտորը պատասխանել է նաև ուսանողների կողմից հնչած հարցերին, որոնք վերաբերում էին առաջիկայում սպասվող քննաշրջանին և ուսումնական գործընթացին: