Արցախի պետական համալսարան

          Հոկտեմբերի 8-ին Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում ուսանողների հետ: Հանդիպման առանցքային  նպատակն էր ուսանողների հետ համալսարանում «Պատմաբանների ակումբ» բացելու հարցի քննարկումն ու հարցի վերաբերյալ համատեղ որոշում կայացնելը: Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Ա. Խաչատրյանը, ամբիոնից դասախոսներ և տարբեր կուրսերից ուսանողներ:

Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն. Սարումյանի խոսքով՝ տեղեկատվական դաշտում առկա խեղաթյուրումների դեմ պայքարելու մի միջոց կարող է հանդիսանալ նմանօրինակ ակումբի բացումն ու հետագա ակտիվ գործունեությունը:

            «Ակումբի շրջանակներում ձեզնից յուրաքանչյուրը, Արցախի բռնազավթված բնակավայրերի, իր հայրենի գյուղի, պատմամշակութային վայրերի և կոթողների մասին հոդված գրելով, իր ներդրումը կունենա տեղեկատվական դաշտում առկա պայքարում հաղթանակ ունենալուն: Մեր ծավալած գործունեությունը աշխարհին պիտի ապացուցի, որ Արցախը հայկական է»,- նշել է Ն. Սարումյանը՝ հավելելով, որ ակումբի  գործունեությունը հայրենասիրական և ազգապահպան նպատակ է հետապնդելու:

            Հանդիպման ընթացքում, ուսանողների միաձայն որոշմամբ, հավանության է արժանացել «Պատմաբանների ակումբ» ունենալու առաջարկը: Այսուհետ ԱրՊՀ-ում կգործի «Պատմաբանների ակումբ»-ը, որը, ըստ Ն. Սարումյանի, ակտիվ գործունեություն է ծավալելու սոցիալական ցանցերում՝ պատմական փաստերը տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնելու նպատակով: