Արցախի պետական համալսարան
 
Հոկտեմբերի 4-ից 8-ը ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին։
Գիտաժողովին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև ԱրՊՀ ուսանողները. Սոնա Մուսայելյանը, Հերմինե Արզումանյանը, Անահիտ Հովհաննիսյանը՝ բանասիրական ֆակուլտետից, Մարիամ Մինասյանը՝ բնագիտական ֆակուլտետից, Մարիա Մինասյանը, Արևիկ Պետրոսյանը, Դիանա Դանիելյանը, Անգելինա Նասիբյանը, Վահագն Խաչատրյանը՝ տնտեսագիտության ֆակուլտետից, Մարիամ Առստամյանը, Մարիամ Աղաբաբյանը՝ մանկավարժության և սպորտի ֆակուլտետից։
Ուսանողների խոսքով՝ նման միջոցառումները կարևորվում են հատկապես նրանով, որ նպաստում են փորձի փոխանակմանը, առավելությունների և թերությունների արձանագրմանը, նոր ծանոթությունների ձևավորմանը, համագործակցության ամրապնդմանը։
«Ուրախ եմ, որ մասնակցություն ունեցանք այս գիտաժողովին, քանի որ այն մեզ հնարավորություն տվեց փորձելու մեր ուժերը գիտության ոլորտում, ներկայացնելու մեր ինքնուրույն մտքերը և լսելու ուրիշներին, ինչպես նաև իմանալու մեր գիտական խոսքի ու մտքի թույլ և ուժեղ կողմերը»,- իր տպավորություններն է կիսել մասնակիցներից Հերմինե Արզումանյանը։
 
Ուսանողուհի Անահիտ Հովհաննիսյանը, ով առաջին անգամ էր մասնակցում գիտաժողովի, նշել է. «Այս գիտաժողովը ինձ օգնեց հասկանալ, որ եթե մի բանի շատ ես ձգտում ու հավատում ես սեփական ուժերիդ, ապա անպայման հասնում ես դրան։ Նաև ոգևորիչ էր նշանավոր լեզվաբան Յու. Ավետիսյանի կարծիքը հոդվածիս վերաբերյալ։ Վստահ եմ, դեռ մեծ գործեր ենք անելու գիտության ասպարեզում»։
Բնագիտական ֆակուլտետից Մարիա Մինասյանը ևս կիսվել է իր տպավորություններով՝ նշելով. «Նման միջոցառումները հնարավորություն են տալիս քո խոսքը ներկայացնել մեծ դահլիճին, որը ինքնակատարելագործման ուղիներից մեկն է»։
Գիտաժողովի ընթացքում ԱրՊՀ ուսանողուհի Սոնա Մուսայելյանն արժանացել է լավագույն զեկուցող անվանակարգին գրականագիտության և լեզվաբանության բաժանմունքում։
«Գիտաժողովն առանձնանում էր իր կազմակերպվածությամբ ու գիտական բարձր մակարդակով։
Մեր ելույթները լսում ու դիտարկումներ էին անում այնպիսի նշանավոր գրականագետներ ու լեզվաբաններ, ինչպիսիք են Աշխեն Ջրբաշյանը, Նվարդ Վարդանյանը և Յուրի Ավետիսյանը։
Հաճելիորեն մեծ հպարտություն է ինձ համար, միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն լավագույն զեկուցող ճանաչվելը։ Շնորհակալ ենք ԱրՊՀ ղեկավարությանը նման հնարավորություն տալու համար, ԵՊՀ ՈՒԳԸ կազմին՝ բարձր մակարդակի և կայացած միջոցառման համար, առանձնահատուկ շնորհակալություն ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ՈւԳԸ նախագահին ու կազմին՝ ջերմ ընդունելության համար»,- նշել է Սոնա Մուսայելյանը։